Քիչ ա մնում` գան մեր մեջքի վրա էլ շենք սարքեն․ չենք ստորագրելու էս փոխանցման ակտը. Բաբկեն Թունյան
Երևանի Անաստաս Միկոյան 64 հասցեի 6 շենքերի բնակիչներն այսօր վաղ առավոտից փակել են Անաստաս Միկոյան փողոցը/Եղվարդի խճուղին՝ բողոքի և անհամաձայնության ձայն բարձրացնելու իրենց հետ տեղի ունեցող «ապօրինությունների, անարդարությունների, կառուցապատող-բանկ-քաղաքապետարան-դատարան հանցավոր սխեմաների, կոռուպցիայի, ամենաթողության և պետության՝ սեփական քաղաքացիների հանդեպ անտարբերության վերաբերյալ»:
Ակցիայի մասնակիցների շարքում է նաև ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Ես այսքան ժամանակ չեմ խառնվել, որովհետև կարող է մտածեին, ասեին՝ ինքը որպես պատգամավոր իր անձնական շահերն է ուզում լուծել, հիմա ինձ զանգել-ասել են՝ կարող եք երեքշաբթի օրը գալ փոխանցման ակտը ստորագրել։ Ասել եմ մի հատ փոխանցման ակտի թուղթը ուղարկեք տեսնեմ»։ Պատգամավորի խոսքով, փոխանցման ակտի թղթի մեջը հիմար պայմաններ են գրած, և փոխանցման ակտը ոչ միայն ինքը, այլև բնակիչներից որևէ մեկը չի ստորագրելու, որովհետև չի կարելի այդ միջոցով մարդկանց պայմաններ թելադրել:
«Ոչ այս շենքի հետ ենք համաձայն, էդ որ գրել են «անկախ տեսանելիությունից», քիչ է մնում, գան մեր մեջքին էլ շենք սարքեն, ոչ այդ առանձնացված բանի հետ եմ համաձայն, ոչ էլ իրենք իրենց ասածները արել են: Ինձ ինչ մակետ ցույց են տվել առնելու ժամանակ, դա էլ պիտի անեն: Հիմա իրենք պետք է իրենց հավաքեն և անեն այն, ինչ խոստացել են, իսկ դրա համար պիտի կառավարության կողմից էլ ճնշում լինի»,-ասաց նա:
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց, հստակ պահանջներով գնացել են կառավարություն, սակայն որևէ մեկը չի իջել և իրենց խնդիրը, պահանջները լսել: «Եթե այս կառուցապատողը չի պատժվելու, դա նշանակում է, որ բացվում է պանդորայի արկղը, և մնացած բոլոր կառուցապատողները այս ճանապարհով կգնան, ու բոլոր մնացած համաքաղաքացիները հայտնվելու են նույն խնդիրների առաջ»:
Բաբկեն Թունյանը նկատեց․ «Ես գիտեմ, որ ուղիղ վարչապետի հսկողության մեջ է: Գիտե՞ս ինչի, որովհետև սա միայն էս 6 շենքերի հարցը չի: Մարդիկ մինչև այսօր վստահ են, որ հիպոտեկով տուն առան, «քցոցի» չի լինելու: Իսկ եթե սա պայթեց, ամբողջ համակարգն է պայթելու»:

