«Միջպետական գանգատից հրաժարումը նշանակելու է, որ բոլոր նախկին ու ներկա ղեկավարների իրավունքների առնչությամբ այլևս իրավական վեճ գոյություն չունի»․ Սիրանուշ Սահակյան
«Բոլոր նախկին ու ներկա ղեկավարների գործերը ներկայացվում են միջպետական գանգատի միջոցով, և միջպետական գանգատից հրաժարումը նշանակելու է, որ նրանց իրավունքների առնչությամբ այլևս իրավական վեճ գոյություն չունի»,-
Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ պանելային հանդիպում-քննարկման ժամանակ հայտարարեց Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Բաքվում պահվող հայ գերիները մշտապես գտնվել ու գտնվում են կյանքի իրական սպառնալիքների ներքո։ Սիրանուշ Սահակյանը նշեց՝ այս ողջ ժամանակահատվածում որևէ արտաքին անկախ խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ հնարավորություն չի ունեցել տեսակցել հայերին և օբյեկտիվ դիտանկյունից գնահատել պայմանները ու ֆիզիկական և հոգեբանական վիճակը։ Միակ կառույցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է. «Տեսակցելու իրավունքից բացառապես օգտվել են ադրբեջանցի փաստաբանները։ Միայն Ադրբեջանում լիցենզավորված և ադրբեջանական իշխանություններից կախվածության մեջ գտնվող փաստաբաններն են, որ ներկայացնում են հայերի շահերը և նրանք էլ տեսակցելու իրավունք ունենք։ Միջազգային փաստաբանների մուտքը մերժվել է»,- ասաց իրավապաշտպանը։
«Մեզ ընտանիքները հաճախ հարցնում են՝ արդյոք միջպետական գանգատներից հրաժարումը կարո՞ղ է հետևանք ունենալ անհատական գործերին։ Միանշանակ՝ ոչ։ Եվ միջպետական գործերի հրաժարումը չի հանգեցնելու անհատական գործերով մեր դիրքորոշման վերանայմանը, հակառակը ինտենսիվանալու է աշխատանքը նոր անհատական, խմբային հայցեր ներկայացնելու ուղղությամբ։ Սակայն այն հարցն է առաջանում՝ ի՞նչ պիտի լինի այն անձանց ճակատագիրը, որոնց իրավունքների պաշտպանությունն իրականացվում է միջպետական գանգատի շրջանակում։ Տեղյակ պահեմ, որ 23-ից 22-ի շահերը ՄԻԵԴ-ում ներկայացված են միջպետական գանգատի միջոցով։ Բոլոր նախկին ու ներկա ղեկավարների գործերը ներկայացվում են միջպետական գանգատի միջոցով, և միջպետական գանգատից հրաժարումը նշանակելու է, որ նրանց իրավունքների առնչությամբ այլևս իրավական վեճ գոյություն չունի»,-ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։

