Հայաստանը Օմանի Սուլթանությունում դեսպանատուն կբացի
Հայաստանը Օմանի Սուլթանությունում դեսպանատուն կունենա, նստավայրը կլինի Մուսկատում: Համապատասխան նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա օրակարգում՝ որպես չզեկուցվող հարց:
Նշվում է, որ նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Ծոցի արաբական երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին զարգանում են դինամիկ կերպով:
Նկատվում է ակտիվություն թե՛ քաղաքական երկխոսության, թե՛ առևտրատնտեսական համագործակցության, թե՛ կրթամշակութային և հումանիտար ոլորտներում կապերի տեսանկյունից:
Օմանում ՀՀ դեսպանության բացման ծախսերը հաշվարկվել են ընդամենը 345.7 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 133,848.5 հազար դրամ: 2025 թվականի հուլիսից-դեկտեմբեր ժամանակահատվածի համար ընթացիկ ծախսերը կազմելու են մոտ 211.7 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 81,967.8 հազար դրամ: Առաջին տարվա համար ընթացիկ ծախսերից բացի՝ լրացուցիչ կպահանջվի ևս 134.0 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 51,880.8 հազար դրամ՝ ավտոմեքենայի, կահույքի, տեխնիկայի ձեռքբերման, դեպոզիտի և միջնորդավճարի համար:
Այս նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերը կավելանան 51,880.8 հազար դրամով:

