Զինվորական ողջույն է, բայց խոնարհման վերաբերյալ պնդման հետ համաձայն չեմ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ գլխավոր դատախազին կուրսանտների ողջունելու մասին
ՀՀ Գլխավոր դատախազությունը տեսանյութ է տարածել այն մասին թե ինչպես է Աննա Վարդապետյանը ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ Վարպետաց դաս անցկացնում։ Տեսագրությունից երևում է թե ինչպես են կուրսանտները ողջունելիս մի պահ խոնարհվում գլխավոր դատախազի առաջ, վերջինս էլ ձեռքերով հորդորում է նստել։
Սոցցանցերում երևույթին արձագանքել են Հարություն Մնացականյանը և Վիտալի Մանգասարյանը: «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, որտեղ դասախոսություն է անցկացրել կուրսանտների հետ։ Հանդիպման ընթացքում ապագա սպաները դիմավորել են նրան ողջույնի խոսքերով՝ «Ողջույն, տիկին գլխավոր դատախազ», ինչն ինքնին տարօրինակ չէր լինի, եթե դրան չհետևեր մի դրվագ, որը ուղղակի սարսափելի է:
Ապագա սպաները՝ Հայոց բանակի վաղվա հրամանատարներն ու գեներալները, գլուխ են խոնարհել դատախազի առջև։
Ես մի պահ մտածեցի, որ զոհված հերոսի կիսանդրին ա մտել լսարան։ Բայց չէ… գործող դատախազն էր»,- գրել էր Մանգասարյանը։
Պարզաբանումների նպատակով Panorama.am-ը դիմեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանին։
«Զինվորական ողջույն է, բայց խոնարման մասին պնդումը չեմ հասկանում, որտեղից են վերցրել, որ խոնարհվում են։ Կարծում եմ ինչ-որ մի պահ թերի են նկատել, այնտեղ խոնարհվելու դրվագ չկա, խնդրում եմ առավել ուշադիր նայել տեսանյութը։ Զինվորական ողջույն է, բայց խոնարհման վերաբերյալ ձեր պնդման հետ համաձայն չեմ»,-պատասխանեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։

