Հայտնաբերվել է Հայաստան ներկրված մոտ 12 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց. Իրանցիներ են կալանավորվել (տեսանյութ)

Օրերս «Ագարակ» անցման կետում, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի Ն.Ա.-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան և կցորդը:  Արդյունքում, կցորդին ամրացված ջրի տարայում նկատվել են կասկածելի զանգվածներ։

Կոմիտեից մանրամասնում են, որ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները համատեղ, կցորդին ամրացված ջրի տարայից հայտնաբերել են  փայլաթիթեղյա տարաների մեջ լցված և փաթեթավորված ընդհանուր՝ 11.962 գրամ քաշով 15 փաթեթ՝ լցված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով։

Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է ԻԻՀ քաղաքացի Ն.Ա.-ն, ով ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունքի մարզային քննչական վարչություն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակներում ԻԻՀ քաղաքացի Ն.Ա.-ն ձերբակալվել է և քրեական վարույթի նախաքննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության և Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ լայնածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում պետք է փոխանցի Իրանից ժամանող ոմն Է.Ն.-ին։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների  շրջանակում, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցները փոխարինվել են նմանատիպ այլ զանգվածներով և մշակվել հատուկ քիմիական նյութով, պարզվել է նաև ԻԻՀ ժամանող անձի ինքնությունը: Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո քաղաքացի Է.Ն․-ի նկատմամբ սահմանվել է հսկողություն։

Վերջինս ժամանել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան և ուղևորվել է Ն.Ա.․-ի հետ հանդիպման։ Երևան քաղաքում տեղակայված հյուրանոցներից մեկում, օպերատիվ աշխատակիցների հսկողության ներքո, քաղաքացի Է.Ն-ին են փոխանցվել «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների փոխարինված զանգվածով փաթեթները:  Վերջինս, ՊԵԿ և ԱԱԾ  աշխատակիցների կողմից` թմրամիջոցի մաքսանենգության և իրացնելու նպատակով ձեռք բերելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտե:

Քրեական վարույթի շրջանակում միջնորդություններ են ներկայացվել դատարան` ԻԻՀ քաղաքացիներ Ն.Ա.-ն և Է.Ն-ն կալանավորելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։