Կարևոր ենք համարում, որ Հայաստանը միանա Շանհայի համագործակցության կազմակերպության աշխատանքներին. ՌԴ դեսպան

Կարևոր ենք համարում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) աշխատանքներում ներգրավել այլ երկրների, մասնավորապես Հայաստանին։ Դրա մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Ըստ նրա՝ ՇՀԿ-ն շատ կարևոր դեր ունի անվտանգության ոլորտում. դրա շրջանակում գործում է հակաահաբեկչական կազմակերպություն։ «Մենք ներկայում աշխատում ենք այս կազմակերպության հիման վրա անվտանգության մարտահրավերներին արձագանքելու համապարփակ կենտրոնի ձևավորման վրա»,- նշել է նա։

Կոպիրկինը ՇՀԿ-ի համար օգտակար է համարել տարածաշրջանային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի հետ փոխգործակցությունը։

«Մեր դիրքորոշումը հիմնված է այն փաստի վրա, որ ՇՀԿ-ի հետ փոխգործակցությունը բնական է՝ հաշվի առնելով այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում է Կազմակերպությունն իր աշխատանքում, բազմաբևեռ աշխարհի սկզբունքները։ Մենք ամեն կերպ օժանդակելու ենք դրան՝ հիմք ընդունելով այն ըմբռնումը, որ դա օգուտ կբերի բոլորին», – հավելել է Հայաստանում ՌԴ դեսպանը։