Հայաստանը 2 անգամ ունեցել է հնարավորություն՝ իրավիճակային փոփոխություն մտցնելու և Ադրբեջանի ներսում հավանական ներքաղաքական քաոս գեներացնելու
2016-2020թթ. ընթացքում, մինչև 44-օրյա պատերազմը Հայաստանը 2 անգամ ունեցել է հնարավորություն՝ իրավիճակային փոփոխություն մտցնելու և Ադրբեջանի ներսում հավանական ներքաղաքական քաոս գեներացնելու։
Առաջինը Քառօրյա պատերազմն էր, որը պետք էր շարունակել, և չթողնել ոչ մի խաղաքարտ (Լելեթեփե, Թալիշի մի բարձունք) Ալիևի ձեռքում՝ ներքին քարոզչության մեջ օգտագործելու և սեփական ժողովրդին ռևանշի հույս տալու համար։
Կարծում եմ՝ սա չի արվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի պատճառով։ Բարձր ժողովրդականություն և լեգիտիմություն ունենալու դեպքում գուցե ժամանակի ռազմաքաղաքական ղեկավարությունն այլ որոշում կայացներ։
Երկրորդ հնարավորությունը եղել է 2020 թվականի հուլիսին, երբ մեր բանակի կողմից գեներալ Փոլադ Հաշիմովի ոչնչացումից հետո Բաքվում մարդիկ լցվել էին խորհրդարանի շենք և պահանջում էին պատերազմ Ալիևից, իսկ վերջինս էլ օրեր հետո հայտարարեց, որ անգամ 100 հոգի չի գտնվել ամբողջ Ադրբեջանում այդ օրերին կամավորագրվելու համար։
Մեր բանակը թերևս պիտի ձեռնարկեր մի քանի զուգահեռ գործողություն՝ նպատակ ունենալով Ադրբեջանում սկսված ներքաղաքական լարումը վերածելու Ալիևի իշխանության դեմ զանգվածային պայքարի և քաոսի։
Սա էլ թերևս չի արվել ռազմավարական կարճատեսության և նախահարձակ պատերազմի պատրաստ չլինելու պատճառով։
Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

