Արցախ․ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈԼՈՐԱՆՆԵՐՈՎ․ «Գոյամարտ»

ՏԵՂԵԿԱՆՔ 1.

Արցախը հայկական երկրամաս է, որն ունի հազարամյակների պատմություն: Տարբեր ժամանակներում այն կոչվել է տարբեր անուններով: Ուրարտական սեպագրերում երկրամասը հայտնի էր Արդախունի (Արդախ-Արցախ), Ուրտեխե-Ուրտեխենի անուններով:

Անտիկ հունական հեղինակների աշխատություններում երկրամասը կրում էր Օրխիստենա անունը, որը հայկական Արցախի հունարեն արտահայտությունն է: Հույն մեծ պատմիչ Ստրաբոնը գրում է, որ Օրխիստենան պատերազմների ժամանակ «հանում է ամենամեծաքանակ հեծելազորը» և, միաժամանակ, հավաստում, որ Ք.ա. 1-ին դարում այն գտնվում էր Մեծ Հայքի խորքում:

Արցախի հայկականության մասին են վկայում նաև հին աշխարհի հեղինակներ Պտղեմիոսը, Պլուտարքոսը, Պլինիոս Ավագը, Դիոնիս Կասիոսը և ուրիշներ: Ըստ նրանց տված տեղեկությունների՝ Քուռ գետով անցնում էր հարևան Ալբանիայի (Աղվանք) և Իբերիայի (Հին Վրաստան) հետ Հայաստանի սահմանը…

ՏԵՂԵԿԱՆՔ 2.

301թ. քրիստոնեությունը, որպես պետական կրոն, առաջինն ընդունվեց Հայաստանում: Նույն ժամանակահատվածում Արցախի Հաբանդ գավառի Ամարաս ավանում հայոց քահանայապետ Գրիգոր Լուսավորիչը հիմնադրեց առաջին եկեղեցիներից մեկը, որի կառուցումն ավարտեց նրա թոռը՝ Գրիգորիսը: 5-րդ դարի սկզբին, հայկական գրերի գյուտից հետո, նույն այդ եկեղեցում հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը բացեց առաջին հայկական դպրոցը…

428թ. Արշակունիների թագավորության անկումից հետո Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգներն ընկան շահական Պարսկաստանի տիրապետության տակ և բռնակցվեցին Աղվանից մարզպանությանը: Սակայն որոշ ժամանակ անց (5-րդ դարի վերջերին), օգտվելով պարսկական պետության թուլացումից, Արցախի և Ուտիքի Առանշահիկ իշխանական տոհմը՝ Վաչագան Բարեպաշտի գլխավորությամբ կարողացավ ձեռք բերել որոշակի ինքնրույնություն և իրեն հայտարարել թագավորություն…

ՏԵՂԵԿԱՆՔ 3.

Արցախի ինքնրույնությունն ու բարգավաճումը կրկին խաթարվեց 7-րդ դարի կեսերին արաբական խալիֆայության կողմից ծավալված արշավանքների հետևանքով, որը տևեց մինչև 9-րդ դարի կեսերը: 855թ., երբ տարիներ շարունակ ընթացող հակաարաբական պայքարի արդյունքում խալիֆայությունը ստիպված էր Աշոտ Բագրատունուն ճանաչել Մեծ Հայքի նահանգների գերագահ տիրակալ, Արցախի արևմտյան և հյուսիսային մասերում ձևավորվեց Խաչենի իշխանությունը: Այն իր հզորությունն ապրեց հատկապես դարավերջին՝ Գրիգոր Առանշահիկի կառավարման շրջանում: Այդ ժամանակահատվածից սկսած մինչև 13-րդ դարը ողջ Արցախ նահանգը պատմությանը հայտնի է Խաչեն անունով…

11-12-րդ դարերում Արցախը նորից ենթարկվեց ասպատակությունների, այս անգամ արդեն թուրք-սելջուկների կողմից: Դրանից հետո հայկական երկրամաս մտան Լանկ-Թամուրի հորդաները, որոնց կրնկակոխ հետևեցին թուրքմենական կարակոյունլու և աղկոյունլու քոչվոր ցեղերը: Իսկ արդեն 16-րդ դարի սկզբներից մինչև 17-րդ դարի 30-ական թվականների վերջը պատմական Հայաստանի ողջ տարածքը վերածվեց Սեֆյան Իրանի և Բյուզանդական կայսրության փլատակների վրա ստեղծված Օսմանյան Թուրքիայի միջև ծավալված մարտական գործողությունների թատերաբեմի: Այդ պատերազմների արդյունքում, ինչպես Արևելյան Հայաստանի շատ տարածքներ, այնպես էլ Արցախն ընկավ շահական Պարսկաստանի տիրապետության տակ: Սակայն, անգամ, այս ծանրագույն պայմաններում հայկական երկրամասը կարողացավ պահպանել իր փաստացի ինքնիշխանությունը, ներառյալ սեփական զորախմբերը, մելիքական դատարանը և այլն…

(Շարունակելի)

Աղբյուրը՝ <<ԳՈՅԱՄԱՐՏ>> պատմատեղեկատվական վերլուծական կենտրոն https://www.facebook.com/Goyamart1988