ՌԴ-ում միգրանտների երեխաները ռուսերենի իմացության թեստեր կհանձնեն․ օրենքն այսօրվանից ուժի մեջ է

Միգրանտների երեխաները, նախքան ռուսական դպրոցներ ընդունվելը, պետք է թեստավորում անցնեն, որը կհաստատի կրթական ծրագրերը յուրացնելու համար անհրաժեշտ ռուսաց լեզվի իմացության մակարդակը։ Օրենքը, որն արգելում է ռուսերենին չտիրապետող միգրանտների երեխաներին դպրոցներ ընդունելը, ուժի մեջ է մտնում ապրիլի 1-ից։

Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարությունը հաստատել է թեստավորումը կարգավորող հրամանները: Այն կանցկացվի բանավոր և գրավոր, բացառությամբ առաջին դասարան ընդունվողների. նրանց համար կիրականացվի միայն բանավոր թեստավորում։ Աշխատանքը կիրականացվի հանրակրթական կազմակերպություններում, որտեղ կկազմակերպվի թեստավորման անցկացման կետ։ Ամբողջ ընթացքը պետք է տեսագրվի, իսկ երեխայի բանավոր պատասխանները պետք է ձայնագրվեն սարքերի միջոցով: Թեստավորման անցկացման ժամանակ արգելվում է դիագնոստիկ նյութերի նույն տարբերակը նորից տալ նրանց, ովքեր նախկինում չեն թեստավորվել։ Ավելի վաղ «Ռոսօբրնադզորի» մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել էին, որ դիագնոստիկ նյութերը կուղարկվեն մարզային կրթական մարմիններ ոչ ուշ, քան ապրիլի 1-ը:

Թեստը հաջողությամբ անցնելու դեպքում երեխան կընդունվի դպրոց, իսկ անհաջողության դեպքում նրան կառաջարկեն ռուսաց լեզվի լրացուցիչ ուսուցում։ Կրկնակի թեստավորումը կարող է լինել ոչ շուտ, քան երեք ամիս հետո: Կրթության նախարար Սերգեյ Կրավցովը 2024թ. նոյեմբերի վերջին զեկուցել էր, որ Ռուսաստանում նախատեսվում է ստեղծել ռուսաց լեզվի ուսումնասիրման կենտրոններ, որտեղ կարող են սովորել միգրանտների երեխաները. ենթադրաբար, դա կտևի երկու-երեք տարի: