Պետդումայում մեկնաբանել են ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Հայաստանի հրաժարվելը
ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը նպաստելու Երևանի մերժումը հաստատում է, որ Հայաստանն անում է հնարավոր ամեն ինչ Արևմուտքի բարեհաճությունը շահելու համար, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը։
«Հայաստանի խորհրդարանը նույնիսկ պաշտոնական որոշում է կայացրել անդամակցել ԵՄ-ին»,- նշել է Ժուրավլևը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ի ֆինանսավորման փաստաթղթի ստորագրումից հրաժարվելու Երևանի որոշումը։
Նա նշել է, որ ԵՄ անդամ երկրներից ոչ մեկը չունի նման բանաձև, քանի որ այն պարզապես անհրաժեշտ չէ նույնիսկ որպես ձևականություն։
«Հիմա հրաժարվում են վճարել ՀԱՊԿ-ին, և անմիջապես հարց է առաջանում՝ երբևէ վճարե՞լ են, բաց աղբյուրներում այս մասին տեղեկություն չկա»,- հավելել է Պետդումայի պատգամավորը։ Նա նշել է, որ ՀԱՊԿ-ից հեռանալու դեպքում՝ ՀՀ-ն արագ «կլանվի» իր հարևանների կողմից, որոնք, ի դեպ, դեռ տարածքային պահանջներ ունեն Հայաստանից: «ՆԱՏՕ-ից կամ ԵՄ-ից ոչ ոք մատը չի բարձրացնի օգնելու համար»,- կարծում է Ժուրավլևը։

