Վաղը Դատավորի կիրակին է

Մեծ պահքի հինգերրորդ կիրակին կոչվում է «Դատավորի կիրակի», որի անունը վերցված է այդ օրը եկեղեցում ընթերցվող ավետարանական առակից (Ղուկաս ԺԸ 1-5):

Օրվա խորհուրդը բացատրում է այրի կնոջ և անիրավ դատավորի մասին առակը: Ըստ առակի մի այրի կին, անընդհատ խնդրում է Աստծուց չերկնչող և մարդկանցից չվախեցող դատավորին՝ իր դատը տեսնել:

Նկատի ունենալով, որ ինքը դատավոր է, իրենից վեր իշխանություն չկա և վճռորոշ խոսքը իրեն է վերապահված, կամայական կերպով տնօրինում էր ամեն ինչ: Աստծուն չէր հավատում, խիղճ բնավ չուներ, հետևաբար համարձակորեն դատում էր բոլոր հայցերը ի շահ իրեն:

Այրի կինն իր իրավունքը շահեց միայն աննահանջ պնդումի և համառության շնորհիվ:

Մենք արդեն գիտենք, որ Քրիստոս երկրորդ անգամ գալու է դատելու ողջերին և մեռյալներին: Բոլոր մարդիքս մեղավոր ենք մեր բնությամբ՝ անկախ սեռից, տարիքից և վաստակից:

Քանի որ մեղքի վարձը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի միջոցով (Հռոմ. 6:23):

Առակը վերջանում է հետևյալ հարցադրումով« «Բայց Մարդու Որդին երբ գա, արդյոք հավատ կգտնի՞ երկրի վրա» (Ղուկաս 18:8):

Աստծու հանդէպ եթէ սէրը կատարեալ է մեր մէջ, ուրեմն վստահութիւն կ՚ունենանք դատաստանի օրը նրա դիմաց կանգնելու. (Ա Հովհ. 4:17): Արդար է լինելու այդ դատաստանը, ուստի մեզ մնում է միայն անհոգնում կերպով և հարատև խնդրել ողորմություն, քավություն և մեղքերի թողություն

Արդա՛ր Դատավոր, երբ գաս Հոր փառքով՝ դատելու կենդանիներին և մեռյալներին, մի՛ մտնիր դատաստանի մեջ Քո ծառայի հետ, այլ փրկի՛ր ինձ հավիտենական հրից և լսելի՛ արա ինձ արդարների երանավետ կանչը

դեպի երկնքի արքայությունդ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս»։ Արարատյան թեմից նշում են. «Այրի կինը մեզ սովորեցնում է ճանաչել աղոթքի ուժը`առանց ձանձրույթի: Այս կերպարը մեզ համար օրինակելի է, որովհետև տեսնում ենք, թե ինչպես է անդադրում աղոթքով հաղթահարում կյանքի դժվարություններն ու փորձությունները`վստահաբար հավատալով արդար դատաստանին:

Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու մեկնության՝ դատավորը միտքն է, թշնամիները` մարդու հոգին և մարմինը: Սրա համար էլ ասվում է, թե` «Մի քաղաքում մի դատավոր կար», այդ քաղաքը մարդն է: Մարդն իբրև պարիսպ ունի իր մարմինը, իբրև դռներ` զգայարանները, բնակիչներ` հոգին, իբրև իշխանավորներ` միտքը, իսկ իբրև զինվորներ`ցանկությունն ու ցասումը: Մարդու ունեցվածքն ու հարստությունն են` հավատը, հույսը և սերը, ինչպես նաև խոհեմությունը, արիությունը, ողջախոհությունը և արդարությունը»։