Մարտի 30-ին Գյումրիում ստուգատես է լինելու․․․
Մարտի 30-ը Գյումրիում ստուգատես է լինելու հայ ժողովրդի վերածնվելու, ինքնամաքրվելու, համերաշխության, արժանապատվության, պայքարելու և լինելիության կամքի ցուցադրության…
Այդ օրը հայության հույսի հայացքն ուղղված է լինելու գյումրեցիներին։ Չէ՞ որ այդ օրը Գյումրիին է վիճակված լինելու առաքելություն ստանձնել ազդարարարելու երկրի փրկության և արմատական վերափոխումների մեկնարկը։ Վերափոխումներ, որ վերջ կդնեն երկրում համակողմանի և խոր ճգնաժամին, ազգային խայտառակությանը, յոթնամյա մղձավանջին, որ կկանխեն պետության կործանումը, հայ ժողովրդի հետևողական այլասերումը, բարոյազրկումը, հայկականության ոչնչացումը, պետական ինստիտուտների ու պետական խորհրդանիշների արժեզրկումը, ազգային արժեքների խեղաթյուրումը, Արցախի հարցի վերջնական թաղումը, տարածքների հանձնումը, քաղաքական տեռորը, սեփական երկրի ու ազգի նկատմամբ իրականացվող դավաճանությունն ու ուրացումը։
Այդ թույլերն ու անսկզբունք մարդիկ են իրականությունը համարում անիրատեսական և ապրում ֆանտաստիկ աշխարհում, մինչդեռ ուժեղները իրենց ձգտումներն ու ցանկությունները դարձնում են իրականություն։ Հիմա հայ ժողովրդին անհրաժեշտ է նախ և առաջ անճարության ու խեղճության զգացումը հաղթահարել, իր մեջի ստրուկին սպանել, իշխանությունների կողմից իրեն պարտադրվող վախի, պատերազմի ու մահվան սարսափի մթնոլորտը ցրել, «խաղաղության դարաշրջանի» խաբկանքներից ու անիրատեսական երևակայություններից ձերբազատվել։ Վերածնվելու բանաձևն էլ պայքարի, զոհաբերության, հայրենիքի հանդեպ ունեցած անմնացորդ սիրո, նվիրվածության, զրկանքների պատրաստ լինելու, համերաշխության, աշխատանքի և մաքառումների, Աստծո հանդեպ ունեցած ճշմարիտ ու անկեղծ հավատքի մեջ պետք է փնտրել։ Ժողովուրդների կյանքն էլ չընդհատվող պայքար է` հանուն իրական հայրենիք ունենալու, հանուն լինելիության և իրական ազատության ու արժանապատվության։ Միայն սերը, նվիրվածությունը, անկեղծությունը, արդարությունը, միասնությունը, պայքարելու կամքը, աշխատանքը կարող են հաղթանակ, ազատություն, բարեկեցություն, փառք և պատիվներ բերել ազգերին ու ժողովուրդներին։ Պատմության մեջ ոչ մի ժողովուրդ էլ դեռ չի պարտվել, անհաջողություններ չի կրել որևէ բանի բացակայության պատճառով, բացի պայքարելու կամքի ու սիրո բացակայությունից։ Միայն հայրենիքի հանդեպ անմնացորդ սերը, պայքարելու և արարելու կամքը կարող են ցրել հուսահատությունն ու խավարը։ Աշխարհում մեծագույն հաղթանակների գերակշռող մասն էլ տեղի են ունեցել այն ժամանակ, երբ թվացել է, թե այլևս հույս չկա։
Կասկած չունեմ, որ իմաստնությունը չի լքի պատվախնդիր գյումրեցիներին, և նրանք չեն ընտրի թրքահպատակության ու ինքնաոչնչացման ճանապարհը։ Հայ ժողովուրդն էլ մտքով, սրտով ու հոգով Ձեզ հետ է, սիրելի՛ գյումրեցիներ։

