Թող Ավինյանը գա, պատասխան տա․ վարդաշենցիները քաղաքապետարանի մոտ են
Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա և 66/1 շենքերի բնակիչներն այսօր՝ մարտի 24-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք նշում են, որ դեռ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանն իրենց խոստացել էր ընտրվելու դեպքում իրենց հարցը լուծել, այդ վթարային շենքից իրենց դուրս բերել և բնակարաններով ապահովել:
Քաղաքապետի խոստացած ժամկետը լրացել է, խնդրին լուծում չի տրվել, իսկ շենքն ամեն պահի փլուզման վտանգի տակ է:
«Էն ժամանակ Փաշինյանը մեզ պարտադրում էր, որ փողոցը փակենք, որ ինքը նստի աթոռին, հիմա էլ մենք ենք փակում, որ ինքը բարեհաճի ժողովրդի մասին հոգ տանի: Մարդիկ ամեն օր ահը սրտներում քնում են, ամեն վայրկյան մտածում են՝ հեսա կփլվի: Ամեն թույլ ցնցումից շենքը դղրդում է: Պարոն Ավինյան, դուրս արի, պատասխան տուր մարդկանց»,-ասաց բնակիչներից մեկը:
Բնակիչները փակեցին քաղաքապետարանի ճանապարհը։ Ճանապարհը բացելու ոստիկանների հորդորին քաղաքացին պատասխանեց․
«Մի համոզեք, քո երեխեն կգա՞ ապրի իմ երեխու հետ: Էս պահին իմ փոքր երեխեն վտանգի տակ թողել եմ տանը: Ոչ մեկի երեխեն իմ երեխուց լավը չի: Թող Ավինյանը գա, պատասխան տա, խաբեբա Ավինյան, դուրս արի: Աթոռի կռիվ են անում»: