Ո՞րն է լոգանքի համար ամենաբարենպաստ ջերմաստիճանը
«Լոգանքի համար առավել կոմֆորտ ջերմաստիճանը սովորաբար տատանվում է 37-40°C միջակայքում»,-գրում է մաշկաբան, ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։
«37-38°C – ամենաբարենպաստ ջերմաստիճանն է, քանի որ համապատասխանում է մարմնի նորմալ ջերմաստիճանին, ապահովելով հանգստություն ու թուլացում:
39-40°C – փոքր-ինչ ավելի տաք ջուր, որը կարող է օգնել մկանների լարվածության թուլացմանը, բայց երկար լոգանքների դեպքում կարող է բարձրացնել սրտխփոցը և ճնշումը:
Տաք (>41°C) – կարող է առաջացնել մաշկի չորություն, դյուրաբեկություն, արյան ճնշման բարձրացում, ուստի խորհուրդ չի տրվում:
Սառը (<30°C) – խթանում է արյան շրջանառությունը և ամրացնում է օրգանիզմը, բայց երկարատև օգտագործման դեպքում կարող է առաջացնել անոթների սեղմում ու դողով զգացողություն:
Կարևոր է հիշել, որ կաթսայի վրա նշված ջերմաստիճանը և ծորակից հոսող ջրի իրական ջերմաստիճանը կարող են տարբեր լինել։
Ջերմաստիճանի կորուստ – ջուրը, անցնելով խողովակներով, կարող է որոշակիորեն սառչել, հատկապես եթե խողովակները երկար են կամ անբավարար ջերմամեկուսացված:
Խառնման ազդեցություն – ծորակի ջուրը կարող է խառնվել ավելի սառը ջրի հետ, ինչի հետևանքով վերջնական ջերմաստիճանը կլինի ավելի ցածր, քան կաթսայի սահմանած մակարդակը:
Ջրի ճնշում – ջրի հոսքի ինտենսիվությունը նույնպես կարող է ազդել ջերմաստիճանի վրա, հատկապես, եթե միաժամանակ օգտագործվում է մի քանի ծորակ»,-մանրամասնում է բժիշկը։