Թրամփը սկսել է ԱՄՆ կրթության նախարարության լուծարման գործընթացը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարողական հրամանագիր է ստորագրել դաշնային Կրթության նախարարությունը լուծարելու մասին։ Հրամանագրով նախատեսվում է կրթության հետ կապված քաղաքականությունն ամբողջովին հանձնել նահանգներին և տեղական խորհուրդներին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Մենք կրթությունը կվերադարձնենք այնտեղ, որտեղ դրա տեղն է, շատ պարզ», – ասել է Թրամփը Սպիտակ տան Արևելյան սենյակում հրամանագիրը ստորագրելու արարողությանը, որին ներկա են եղել նաև աշակերտներ՝ խորհրդանշական կերպով իրենք էլ ստորագրելով «հրամանագրեր»։

Մարտի 20-ին ստորագրված հրամանագիրն առաջին քայլն է նախարարությունը ցրելու ուղղությամբ։ Հարցը դեռ պետք է քվեարկության դրվի Կոնգրեսում, իսկ ըստ Reuters-ի՝ այնտեղ այս նախագիծն անցկացնելու համար դեռ մի քանի ձայնի պակաս կա։

Սպիտակ տունը պնդում է, որ Կրթության նախարարությունը գումարի կորուստ է, և որ գերատեսչությունում արված տրիլիոնավոր դոլարի ներդրումներն իրենց չեն արդարացրել։