Վաշինգտոնը Կիևին առաջարկել է ԱՄՆ-ի կառավարմանը հանձնել ատոմակայանները
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը համատեղ հայտարարություն են տարածել Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի երեկվա զրույցի վերաբերյալ:
Ըստ հայտարարության՝ առաջնորդները պայմանավորվել են, որ Ուկրաինան և ԱՄՆ-ն կշարունակեն աշխատել միասին՝ պատերազմին իսկապես վերջ դնելու համար:
Բացի այդ, Թրամփը մանրամասն տեղեկացրել է Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած զրույցի և քննարկված առանցքային հարցերի մասին։
«Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են էներգետիկ օբյեկտների հարցում զինադադարի մասին։ Տեխնիկական խմբերը մոտ օրերս կհանդիպեն Սաուդյան Արաբիայում՝ քննարկելու հրադադարի ռեժիմը մինչև Սև ծով երկարաձգելու հարցը։ Նրանք համաձայնել են, որ սա կարող է լինել պատերազմի ամբողջական ավարտի և անվտանգության ապահովման առաջին քայլը», – ասվում է հայտարարությունում։
Թրամփը քննարկել է նաև Ուկրաինայում էլեկտրաէներգիայի մատակարարման և ատոմակայանների հարցերը։ Նա ասել է, որ ԱՄՆ-ն կարող է մեծ օգնություն ցուցաբերել այս կայանների կառավարման գործում՝ էլեկտրաէներգիայի և կոմունալ ծառայությունների ոլորտում իր փորձով:
«Այս կայանների՝ ԱՄՆ-ի սեփականություն դառնալը լավագույն պաշտպանությունը կլինի տվյալ ենթակառուցվածքի համար և աջակցություն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին», – ասվում է հայտարարությունում։