Թրամփի նամակը Իրանի գերագույն առաջնորդին ներառում է երկամսյա վերջնաժամկետ՝ նոր միջուկային համաձայնագրի կնքման համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին ներառում է երկամսյա վերջնաժամկետ՝ նոր միջուկային համաձայնագրի կնքման համար: Այդ մասին Axios-ին հայտնել են նամակի բովանդակության ծանոթ մեկ ամերիկացի պաշտոնյա և երկու աղբյուր:

Պարզ չէ՝ երկամսյա ժամկետը սկսվել է նամակի առաքման պահից, թե կսկսվի բանակցությունների մեկնարկից հետո։ Բայց եթե Իրանը մերժի Թրամփի առաջարկը և չբանակցի, ապա Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի ռազմական գործողությունների հնարավորությունները կտրուկ կմեծանան:

Երկու շաբաթ առաջ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը բացահայտել էր, որ նամակ է ուղարկել Իրանի առաջնորդին՝ առաջարկելով ուղիղ բանակցություններ վարել։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ունենան»,- ասել էր նա։ Նամակը մի քանի օր առաջ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը փոխանցել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ Բին Զայեդին Աբու Դաբիում կայացած հանդիպման ժամանակ։ Հետո նամակն առաքվել է Թեհրան: