Նիկոլը սեղմում է արյունոտ ձեռքը ու բարի գալուստ ասում մարդասպանին
Մինչ թուրքերը Սիրիայում վայրագություններով են զբաղված ու Սիրիայի բնակչության զանգվածային բնաջնջմամբ մեր թուրքապաշտ ու թուրքահպատակ իշխանությունը թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում է իր հարկի տակ՝ Հայաստան ու հարցազրույց-հարցազրույց խաղում նրանց հետ։ Անունն էլ դնում, թե իբրև ուզում են «Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալի ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման՝ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները»։ Ի դեպ, այդ «մոտեցումների» մասին Փաշինյանն արդեն մի քանի անգամ թե կառավարության հարցուպատասխանների, թե իր ելույթների, թե սփյուռքահայերի հետ հանդիպման ժամանակ հստակ տեղեկացրել է, և պարզից էլ պարզ է, որ դրանք ևս նահանջողական են, պարտվողական՝ Էրդողանի ակնհայտ ցուցումներով։ Այսինքն՝ ինչին Թուրքիան չկարողացավ հասնել դեռ նախորդ դարում՝ աշխարհին փորձելով ապացուցել, թե հայերի Ցեղասպանություն չի իրականացրել, Նիկոլի իշխանավարության տարիներին Թուրքիայի ներկա ղեկավարը մոտ է թուրքական նպատակի իրականացմանը, քանի որ Նիկոլը մերկապարանոց ցինիզմով ամբողջ հայ ազգի առաջ բղավում է, որ իրոք, հայերի Ցեղասպանությունը հայերի կողմից հորինված հեքիաթ է, ու դրանում առայժմ մեղավոր է կարգում նորից Ռուսաստանին՝ ի դեմս ԽՍՀՄ ղեկավարության։ Եվ այդ մասին ասում է այս օրերին՝ Սիրիայում թուրքական բանակի վայրագությունները քննադատելու և ևս մեկ անգամ այդ առիթով հայերի ցեղասպանությունը հիշեցնելու ու դատապարտելու փոխարեն։ Վստահորեն կարելի է ասել, որ թուրք լրագրողների հետ հարցազրույցում նա որևէ բառ չի արտաբերել այդ մասին, 20-րդ դարասկզբին մարդկության դեմ իրագործած մեծագույն ոճրագործության մասին։ Չէ, ինչպե՞ս կարել է, իր հիվանդ ուղեղում դա հնարավոր պատերազմի սպառնալիք կարող է դառնալ։ Կամ պարզապես մեզ է այդպես ուզում վախեցնել ու համոզել, թե հանկարծ մեր պահանջատիրությամբ, արժանապատվությամբ չսադրենք թշնամուն, պատերազմ չհրահրենք։
Մինչև Նիկոլին իշխանության կարգելը Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ հասել էր նրան, որ որպես 1915 թվականին ու դրանից հետո Արևմտյան Հայաստանում ցեղասպանություն ապրած ազգ՝ համաշխարհային հարթակում ներկայանում էր մարդկության դեմ նման ցեղասպանությունները կանխելու ուղղությամբ մեծ ջանքեր գործադրող պետություն, որպես առաջամարտիկ պետություն։ Իսկ ինչ է ուզում անել Նիկոլը։ Հերքելով ցեղասպանության հանգամանքը՝ նա կանաչ լույս է վառում այնպիսի վայրագությունների, զանգվածային բնաջնջումների համար, որոնք այսօր թուրքերը իրականացնում են Սիրիայում։ Ինչ եք կարծում, եթե Թուրքիան մարսի 1915 թվականը, ավելի դաժան չի՞ վարվի մեզ՝ հայերիս հետ, իսկ մեր մեծ մասը հենց Արևմտյան Հայաստանից մազապուրծ եղածների սերունդներն են։ Էրդողանը չէ՞, որ հայերին համարում է թուրքերի սրի ծայրին մնացած մսի կտորներ։ Իսկ ՀՀ-ն ներկայացնող վարչապետը սինլքորի պես ուզում է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել ու իր նախաձեռնությամբ թուրքական տասը լրատվամիջոցների է հրավիրում Հայաստան՝ բոլորիս հարկերի հաշվին, քանի որ թուրք լրագրողներին Հայաստան բերելու և երեք օր այստեղի բարձրակարգ հյուրանոցներում պահելու, նրանց ժամանցը կազմակերպելու համար գումարը պետական բյուջեից է վճարվել։ Ես հիշում եմ՝ երբ այս պատուհասը եկավ իշխանության, մամուլի ասուլիս կազմակերպեց չգիտես ինչու Սյունիքում ու հայտարարեց՝ լրատվամիջոցները, որոնք կցանկանան լուսաբանել ասուլիսը, իրենց միջոցներով թող հասնեն Սյունիք ու իրենց միջոցներով կազմակերպեն գիշերակացը։ Իհարկե, դե այն ժամանակ էր հարկավոր բոյկոտել Փաշինյանին ու երբևէ չլուսաբանել նրան ու իր խմբակի անդամներին, բայց ի սկզբանե շատերն այդ խայծը կերան։
Մոտակա օրերին թերևա թուրքական մամուլից կիմանանք, թե Նիկոլն ու իր խմբակի անդամները ինչ խոստումներ են տվել Թուրքիայի առաջնորդին ու ինչ նահանջ են նախապատրաստել մեզ համար։ Ամեն դեպքում կարծում եմ, որ անակնկալ ոչ մի միտք չի ասվել, քանի որ, ինչպես նշեցինք, արդեն իսկ Նիկոլը մեզ նախապատրաստել է Թուրքիայի ստրուկը դարձնելու իր ծրագրի իրագործմանը։
Թագուհի Ասլանյան