Անցնում ենք ակտիվ գործողությունների փուլ․ Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը
«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը` առողջական վիճակից ելնելով։
Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում Մանե Թանդիլյանը նշեց, որ երեկ ու այսօր հեռախոսազրույցներ են ունեցել Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամների՝ կնոջ ու քրոջ հետ։ «Նրա կինն ու քույրը մեզ խնդրել են դադարեցնել հացադուլը, որ նա այնտեղ վատ չզգա մեզ համար և ավելի ուժեղ լինի։
Մենք խոստացել ենք, որ կդադարեցնենք հացադուլը»,-հայտարարեց Մանե Թանդիլյանը՝ նշելով, որ թիմով քննարկել են, անցնելու են ակտիվ գործողությունների փուլի։
«Ուրբաթ օրը ժամը 13։00-ին հավաքվենք ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց, պահանջենք, որ կապվեն Բաքվի գրասենյակի ներկայացուցչի հետ, պահանջեն, որ նա մասնակցի դատավարությանը։ Տեսնենք, ի՞նչ են պատասխանելու։ Մենք պետք ստանանք պատասխան։ Այլևս մեզ չպետք է անտեսեն, անտեսում են նրան, ով իր պահանջների հետևից չի գնում, այս մարդիկ՝ միջազգային կառույցները պետք է իմանան, որ մենք լինելու ենք հետևողական, չշփոթեն իշխանության հետ։ Թակելու ենք բոլոր դռները, դուռը կփակեն, կթակենք պատուհանը»,-ասաց Թանդիլյանը։

