Ցանկացած ժողովրդավարություն տանում է դեպի տականքների բռնապետություն

Ժողովրդավարության ձախողումն ու վախճանը

Ցանկացած ժողովրդավարություն տանում է դեպի տականքների բռնապետություն․ Ալֆրեդ Նոբել։

Եվ մինչ այս իշխանություններն իրենք իրենց ժողովրդավարության հիմնադիրներից են համարում, մինչ ժողովրդավարությունը իրենց բրենդն ու այցեքարտը` որպես դրոշակ պարզած ներկայանում են աշխարհին, Հայաստանը՝ ժողովրդավարության բաստիոն ներկայացնում, իսկ ԵԽԽՎ համազեկուցողները, ելնելով բացառապես այն հանգամանքից, որ Նիկոլն իրենց ձեռնտու է, «Հայաստանը տարածաշրջանում ժողովրդավարության փայլող աստղ է» որակվում, ժողովրդավարությունը իրականում իր հոգեվարքն ու ճգնաժամն է ավետում ժողովրդավարության բնօրրան հանդիսացող ԱՄՆ-ում և Եվրոպայում: Գերտերությունների համար էլ ժողովրդավարությունը մրցակիցներին և թույլ ու փոքր պետություններին քայքայելու ու հնազանդեցնելու միջոց է պարզապես: Իտալիայի դիկտատոր Բենիտո Մուսոլինին էլ այն կարծիքն է արտահայտել, որ «ժողովրդավարության մեջ վանում է երեք բան՝ անողնաշարությունը, կոլեկտիվ անպատասխանատվության սովորությունը և համընդհանուր երջանկության կեղծ միֆը»: Ժողովրդավարությունը միֆ է, պատրանք, իշխանությունների համար զանգվածներին իրենց շահերին, ծառայեցնելու գործիք, միջոց,

իսկ ժողովուրդն էլ իրենց իշխանության համար ընդամենը միանգամյա օգտագործման ընտրազանգված է, քանի որ ժողովրդին ընտրությունից ընտրություն են միայն հիշում: «Մեծն ժողովրդավար» Նիկոլ Փաշինյանն էլ հավանաբար շատ լավ գիտի, որ ժողովրդավարությունը «ժողովուրդ» ականջահաճո արմատը պարունակող մի «կախարդական» կուտ-տերմին է, որի կարիքը մարդիկ մշտապես ունեն: Այդ կապակցությամբ Հովհաննես Թումանյանը 1907 թ. «Անկեղծ չենք» հոդվածում գրել է. «Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը: Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովրդով»: Ժողովուրդն այսպես է կամենում…Ժողովուրդը մեզ հետ է… Ժողովուրդը ձեզ կդատի… Ու՞ր ես, ժողովուրդ, անարգում են քեզ…»: Նիկոլը, կարծում եմ, խորությամբ ուսումնասիրել և սերտել է մեծն ավանտյուրիստ, ամբոխավար, բռնապետ Ադոլֆ Հիտլերի դասերը, որն ասում էր. «Ամբոխի մեջ բնազդն ամեն ինչից վեր է, և դրանից է գալիս հավատը: Երկրի վրա յուրաքանչյուր մեծ շարժում իր աճի համար պարտական է մեծ հռետորներին, այլ ոչ թե մեծ գրողներին: Եթե ցանկանում եք շահել զանգվածների սերը, ասեք նրանց ամենաանհեթեթ և անտակտ բաները: Ես եկել եմ այս աշխարհ ոչ թե մարդկանց ավելի լավը դարձնելու, այլ նրանց թույլ կողմերը շահարկելու համար: Որքան հրեշավոր ստեք, սուտը բավականաչափ երկար, բավականաչափ բարձր և բավական հաճախ ասեք, այնքան արագ քեզ կհավատան մարդիկ, որ մտավորականությունը հասարակության տականքն է, որ ոչ մեկին չսիրելը ամենամեծ պարգևն է, ինչը քեզ դարձնում է անպարտելի, քանի որ ոչ մեկին չսիրելով ՝ դու ազատված ես ամենասարսափելի ցավից: Եթե ինձ վիճակված է մահանալ, ապա թող գերմանացի ժողովուրդն էլ մեռնի, որովհետև նրանք ինձ արժանի չէին»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, կարծում եմ, ընտրական ու կառավարման այս համակարգը սպառել է իրեն: Այն ստեղծում է բոլոր պայմանները բռնապետության ու երկիրը կործանման տանելու համար։ Ինչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել, եթե Ազգային ժողով ձևավորվում է մի քանի կուսակցապետերի քմահաճույքով, իսկ քաղաքացիական նախաձեռնությունների դերը հասցված է նվազագույնի: Ուինսթոն Չերչիլն էլ գտնում էր, որ «Ժողովրդավարությունը կառավարման ամենավատ ձևն է, բացառությամբ մնացած բոլորը»:

Ժողովրդավարությունը ընդամենը ապաշնորհ մեծամասնությանը ընտրություններով իշխանության բերելու միջոց է։ Պատահական չէ, որ մեր նախնիները համայնքի ղեկավարին /քյոխվա/ ընտրում էին ոչ թե համայնքի, այլ գյուղի ավագների՝ հեղինակություն վայելող մարդկանց կողմից: «Քվեարկությունը հիմար ձևանալու և իր հայրենիքը կործանելու ազատ քաղաքացու իրավունքի իրացումն է»,- ասել է ամերիկացի գրող, հումորային պատմվածքների հեղինակ, լրագրող Ամբրոզ Բիրսը: իսկ փողոցից եկած զանգվածը մարդկանց մեծ բազմություն է՝ առանց հատուկ արժանիքների: Զանգվածը միջին սովորական մարդ է, նա դժգոհ է և փոքրոգի, չկայացած, անփորձ, անհայտ ծագում ու կենսագրություն ունեցող, նա չունի լայն մտահորիզոն, գիտելիքների բավարար պաշար: Նա չի կարող բարձր արժեքներ դավանել, առաջադիմական մտքեր գեներացնել և հասարակության ու երկրի արդյունավետ կառավարում, զարգացում և առաջընթաց ապահովել: Ավելին, նա իր հետևից, որպես կանոն, բերում է ատելության ու չարության կառավարություն և կարող է իր ճանապարհին ոչնչացնել ամեն մի լավն ու գեղեցիկը, գլխատել ազգի ընտրանուն, ինչին և ականատես ենք լինում: «Փոքրամասնությունը յուրահատուկ որակներով օժտված անձանց հավաքածու է, զանգվածը ոչնչով չի առանձնանում: Պետությունը, գտնվելով «զանգվածների մարդու» ձեռքում, վիթխարի վտանգ է ստեղծում ողջ քաղաքակրթության համար: Զանգվածները հավատում են պետությանը և օգնում են նրան ջախջախել ցանկացած փոքրամասնություն կամ էլիտա: Բայց հենց այս փոքրամասնությունների ստեղծագործական ունակությունն է արարում նոր նախագծեր՝ դուրս գալով հնացած սովորույթների սահմաններից»,- ասել է իսպանացի նշանավոր գրող և փիլիսոփա Խոսե Օրտեգա և Գասետը։ Քայլ արած <<հեղափոխականներն>> էլ ըստ երևույթին, առաջնորդվեցին XX դարի գերմանացի գիտնական և հրապարակախոս Վիլհելմ Շվեբելի այն փիլիսոփայությամբ, թե «ով կարողանում է շահարկել դժգոհների կարծիքը, որոշում է մարդկության ճակատագիրը», և դա բավականին հաջողությամբ իրականացնեցրին կյանքում: Ժողովրդավարությունն էլ ըստ իրենց պատկերացման հավանաբար փողոցից եկածների, ամբոխի իշխանությունն է, այն է, երբ ժողովուրդն իշխանության է բերում ապաշնորհներին, երկիրն աղետի ու պարտության տարածներին։

Հայկ Ղազարյան