Վթարային շենքում անմարդկային պայմաններ են․ վանաձորցիներն ահազանգում են

Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 90 շենքի բնակիչները դիմել են ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանին՝ ահազանգելով, որ նախկին հանրակացարանը, որտեղ իրենք բնակվում են, ամեն պահի կարող է փլուզվել։

«Վթարային շենքում անմարդկային պայմաններ են․ պատերն իրարից հեռացել են, հատակը ճաքել է։ Այդուհանդերձ, բնակիչները պատրաստ են շարունակել բնակվել շենքում, միայն թե՝ միջոցներ հատկացվեն շենքը վերականգնելու համար։

Բնակիչները հայտնում են, որ թեև մարզպետարանից ու քաղաքապետարանից ստացել են որոշակի աջակցություն, այդուհանդերձ, շենքն ունի հրատապ վերականգնման անհրաժեշտություն․ յուրաքանչյուր ցնցում կարող է ճակատագրական լինել բնակիչների համար։ Մինչդեռ, համայնքապետարանը մերժում է՝ պատճառաբանելով, որ չկան ֆինանսներ, իսկ կառավարությունը որևէ ձևով չի արձագանքում։

Հարկ է նշել, որ բնակիչները նախկին հանրակացարանի շենքում հայտնվել են Սպիտակի ավերիչ երկրաշարժիչ հետո։ Շենքում այս պահին ապրում է 20 ընտանիք և բազմաթիվ երեխաներ։

Պատկան մարմիններին կոչ եմ անում օր առաջ ձեռնարկել քայլեր։ Գործ ունենք մարդկային կյանքերի հետ։

Եթե չկա շենքը վերականգնելու հնարավորություն, հատկացրե՛ք քաղաքացիներին տարրական պայմաններով ապահոված որևէ այլ շինություն»,- Գառնիկ Դանիելյանը։