Մինչ դուք զբաղված եք «փոխհրաձգությամբ»՝ մեր թշնամիները Հայաստանի կործանումն ու մասնատումն են քննարկում ու ծրագրում

Վերջին շրջանում ընդդիմադիր դաշտի ներսում սկսված «փոխհրաձգությունները», մասնավորապես երկրորդ և երրորդ նախագահների կողմնակիցների փոխադարձ մեղադրանքները մտահոգություններ և անհանգստություններ են առաջացրել հասարակության մեջ։ «Միասին» շարժման խորհրդի անդամ, տնտեսագետ Հայկ Ղազարյանը գրում է

«Մեծարգո նախագահներ, մինչ դուք զբաղված եք փոխհրաձգությամբ և Ձեր ամբիցիաները, կապրիզները, փոխադարձ ատելությունն ու կուսակցական, անձնական շահը, Ձեր ուժն ու կարողությունը միմյանց ցուցադրեյով, աշխարհը հեգնական հայացքով, Ձեր լուռ համաձայնության ներքո, զարմացած՝ մեր երկրում տեղի ունեցող զավեշտալի գործընթացներին է հետևում, մեր կործանմանն ու ինքնաոչնչացմանն է ականատես լինում։ Մեր թշնամիներն էլ հենց այս պահին Հայաստանի կործանումն ու մասնատումն են քննարկում ու ծրագրում։ Այսպես շարունակվելու դեպքում էլ, ոչ հեռու ապագայում պատմագիտությունը Աստված մի արասցե, կարձանագրի, որ Արցախն ու Հայաստանը դարձան իշխանությունների դավադրության, երեք նախագահների և որոշ կուսակցությունների ու քաղաքական գործիչների ամբիցիաների, նյութապաշտության ու անձնական հաշիվների պարզաբանման և մտավորականության անսկզբունքայնության ու երկչոտության զոհը։ Իսկ պատմության պատիժն ամենադաժանն է»,- գրում է Ղազարյանը, ապա հիշեցնում ռուս մեծ պատմաբան Վ. Օ. Կլյուչևսկու խոսքերը․«Պատմությունը ուսուցիչ չէ, այլ վերակացու է. այն ոչինչ չի սովորեցնում, այլ միայն պատժում է դասերը չիմանալու համար»։

Նրա խոսքով, 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ընդդիմադիր ուժերի կողմից իշխանափոխության նպատակով ծավալված քաղաքական գործընթացներն էլ չապահովեցին ակնկալվող արդյունք ընդդիմության անմիասնության ու ժողովրդի անհամերաշխության պատճառով։ «Իսկ այնտեղ, որտեղ չկա շահերի ընդհանրություն, չի կարող լինել նպատակների միասնություն և միասնական ազգային օրակարգ։ Հիմա երկրում առկա է իշխանափոխության ու արմատական վերափոխումների հանրային պահանջ և անպայման կունենանք հաջողություններ, եթե ազգային էլիտան պատրաստ լինի համախմբվելու և արժանապատվորեն ու անկեղծորեն առաջնորդելու ժողովրդին։ Սա մարդկության պատմությանն ակնհայտ խայտառակ դեպք է, երբ ազգի իշխանական, մտավոր, ընդդիմադիր քաղաքական վերնախավի մի մեծ հատված և ժողովրդի մեծաքանակ զանգված ներգրավված են սեփական երկրի ու ժողովրդի դեմ կազմակերպված դավավադրության մեջ և կամավոր գնում են ինքնաոչնչացման։ Անտարբերությունը, նախանձը, եսասիրությունը, փառասիրությունն ու նյութապաշտությունը հոգու ախտ են, և այդ արատներն են ընկած մեր ազգային ողբերգությունների հիմքում։ Երբ հայաթափված է Արցախը, երբ ազգը անասելի նեղության մեջ է, մոլորված է, բարոյալքված, ահաբեկված, ընկճված ու խեղճացած է, խաբված ու պառակտված է, Ձեր քաջալերման, կարեկցանքի, իմաստնության ու աջակցության կարիքն ունի։ Երբ հայ ժողովուրդն ու հայոց պետականությունը կանգնած են նախադեպը չունեցող ազգային խայտառակության առաջ և հայտնվել են մի այնպիսի մղձավանջի մեջ, որտեղից դուրս գալը հնարավոր չի լինելու առանց նախագահների, առանց ազգային էլիտայի ու ազգի համերաշխության և միասնության․ այս օրհասական պահին, այդ դուք եք պարտավոր պատասխանատվություն ստանձնել երկրի ու ժողովրդի համար։ Չէ ՞որ Աստծո բարեհաճությամբ Դուք եք օժտված առանձնակի որակներով ու մտավոր կարողություններով, որին չեն տիրապետում լայն զանգվածները` սովորական մարդիկ։ Ուստի դուք եք պարտավոր անշահախնդրորեն մտածել ժողովրդի ու պետոթյան մասին։ Ձեր կյանքն էլ պետք է լինի անձնազոհ պայքար՝ հանուն ազգային արժանապատվության, հանուն բարձր արժեքների, գաղափարների, հանուն ազատության ու սկզբունքների։ Իսկ երբ ազնիվ, ճշմարիտ, իմաստուն ու նվիրյալ մարդիկ գործում են միասին, տգետներն ու ստահակները նահանջում են և ճշմարտությունն ու իմաստնությունը ի վերջո հաղթում են։ Ազգը Ձեր մեջ է փնտրում իր հույսը, ուժն ու փրկությունը։ «Առաջնորդը հույս ու հավատ արարողն է, ներշնչողն է». ասել է Նապոլեոն I Բոնապարտը։ Այս օրհասական պահին Դուք եք պարտավոր ստանձնել երկրի փրկության պատմական առաքելություն և Ձեր կյանքը դարձնել ուխտագնացություն, վառվել ու հանգչել մոմի նման, հանուն իր բնօրրանում Ձեր ազգի ու պետականության գոյատևման, հանուն ազգային արժանապատվության, վեր կանգնելով նյութապաշտությունից, ամբիցիաներից ու նեղ խմբային և կուսակցական շահերից։

Աշխարհում մեծագույն հաղթանակների գերակշռող մասն էլ տեղի են ունեցել այն ժամանակ, երբ թվացել է, թե այլևս հույս չկա, սակայն հայտնվել են խիզախ մարդիկ, իրենց վրա են վերցրել պատասխանատվություն և փոխել իրավիճակը։ Երեք նախագահները, ազգային քաղաքական ուժերը առանց ամբիցիաներ հետապնդելու, առանց ժամանակ կորցնելու պարտավոր են նստել մեկ սեղանի շուրջ և կայացնել բացառապես ագգի ու պետության շահերով պայմանավորված որոշումներ։

Սա է փրկության ու առաջընթացի քաղաքակիրթ, արդյունավետ ու խելամիտ միակ ճանապարհը։ Երբ հայերը միավորվում են, անպայման ունենում են հաղթանակներ։ Ցավոք սակայն միավորվում են օրհասական պահերին և կորուստներ ունենալուց հետո միայն։ Հիմա եկել է այդ օրհասական պահը։ Հիմա, սիրելի՛ հայրենակիցներ, ազգովին կանգնած ենք ճակատագրական ընտրության առջև․ հայրենիք ունենալու, լինելիության կամ ստրկության, թրքահպատակության ու ազգային խայտառակության միջև: Ժամանակն ու տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձությունները ի վնաս մեզ են աշխատում, սիրելի՛ ժողովուրդ, հարգելի՛ նախագահներ և մտավորականություն։ Հապաղելն էլ կործանում է, մահ է։ Անհրաժեշտ է կոչ ուղղել և հավաքագրել հանրապետության ողջ ազգային, անկեղծ շահերով մտահոգ, քաղաքական մտավորական, փորձագիտական, գիտական, զինվորական հանրությանը` ընտրանուն, ակտիվ ու նվիրյալ մարդկանց և ձևավորել հանրային բարձր ներկայացվածություն ու վստահություն վաելող ոչ կուսակցականացված արդյունավետ ու գործուն կառույց և ծավալել ակտիվ գործընթացներ։ Ուզում եմ հավատալլ, որ իմաստնությունն ու խոհեմությունը գոնե այս անգամ, հայրենիքի ու պետականության կորստի վտանգի այս ծանրագույն պահին չեն լքի նախագահներին, մտավորականությանն ու ժողովրդին։

«Ով ջարդուած է, բնականաբար, կը քաշուի մէջտեղէն, ով հոգնած է կը նստի, բայց ատով ոչինչ չի փոխուիր: Ետ քաշուողներուն տէղը կուգան նորերը, մէկ նստողին տեղը` ոտքի կ’ելնեն ուրիշները: Եւ եթե այսօր մենք բոլորս ալ քաշուինք ասպարէզէն`վաղը հրապարակ կուգայ նոր սերունդը հին դրօշակը բարձր պահած իր ձեռքին, որովհետեւ անիկա ալ ապրիլ պիտի ուզէ իր ազգային կեանքովը: Վերջապէս պէտք է հասկնանք, որ ինքն իր տէրը ըլլալու եւ իր անկախութեան հասնելու պահանջը իմ ու քու հնարած խաղը չէ, ո’չ մեզմով է սկսած եւ ո’չ մեզմով կը վերջանայ»,-ասել է Լևոն Շանթը»,-նշում է Հայկ Ղազարյանը։