Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե այստեղ ևս մանիպուլյացիայի տեղ չթողներ. Մամիջանյան
«Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «ունենք առաջարկ, որը համոզված եմ՝ ընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար»։ Մասնավորապես նա նշել էր, որ դա վերաբերում է երկաթուղային փոխադրումներին՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկաթուղային տրանսպորտը վերականգնելուն, որը կօգտագործվի Արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևան՝ ՀՀ ինքնիշխան տարածքով, և Հայաստանից Հայաստան՝ Երասխից Մեղրի։ Ըստ նրա, երկու երկրները հնարավորություն կունենան երկաթուղին օգտագործել միջազգային բեռնափոխադրումների համար»,-ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու հավելեց. «Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե այստեղ ևս մանիպուլյացիայի տեղ չթողներ։ Ակնկալում եմ՝ Փաշինյանը կպարզաբանի, թե ինչ է իրենից ներկայացնում այդ առաջարկը»։
Նրա խոսքով, եթե Ադրբեջանի արևմտյան համայնքների և Նախիջևանի կապը պատկերացվում է Իջևանի հատվածով՝ երկաթգծային, դա մեկ պատմություն է, եթե այդ առաջարկը, որն արդեն ուղարկվել է Ադրբեջանին, ներառում է Մեղրիի միջով երկաթգծային կապ, դա շատ մեծ ռիսկեր է իր մեջ պարունակում։
«Այդ պարագայում Ադրբեջանը հնարավորություն ունի, քանի որ երկաթգծի ահռելի հատվածն անցնում է Ադրբեջանի տարածքում, շատ փոքր հատված Հայաստանի տարածքով, մաքսատուրքերի, վճարների միջոցով ստեղծել անբարենպաստ միջավայր, որ այդ ուղին անցանելի չլինի տնտեսական տեսանկյունից։
Անհրաժեշտ է Հայաստանի հատվածով անցնողն ու Ադրբեջանի հատվածով անցնողն իրար հետ համահավասար լինեն։
Սա շատ էական է, անհրաժեշտ է, որ Նիկոլ Փաշինյանը դրա վերաբերյալ պարզաբանում ներկայացնի»,- ասաց Հ. Մամիջանյանը։

