Գոնե մեկ օր հապաղելու իրավունք չունենք, պետք է մոբիլիզացնել բոլոր ջանքերը. Արցախի ՄԻՊ
Պետք է Բաքվից պահանջել անհապաղ ազատ արձակել գերեվարված հայերին: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված ակցիայի ժամանակ։
«Սկսած 2023 թվականաի սեպտեմբերից, մինչ այդ էլ, Բաքվում գտվող մեր հայրենակիցների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին բազմիցս խոսել ենք, ներկայացվել են խոշտանգումների, կտտանքների ապացույցներ»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով, ամենավերջին ապացույցը Ռուբեն Վարդանյանի՝ օրերս տարածված նկարն է, հստակ երևում է խոշտանգման հետքերը։ «Վերջնական ապացույցը Ռուբեն Վարդանյանի լուսանկարն է՝ դեմքին խոշտանգման նշաններով և պաշտպանական կողմի հայտարարությունը։ Մենք չէինք կասկածում, որ այսպիսին է իրավիճակը, բայց նոր հաստատում ստացանք։ Չի կարելի ժամանակ կորցնել, անհրաժեշտ է մոբիլիզացնել բոլոր ջանքերը՝ արտերկրում և սփյուռքում գտնվող ընկերների և գործընկերների հետ՝ մեր բանտարկյալներին ազատելու համար», – ընդգծեց Ստեփանյանը։
Նա կոչ արեց բոլորին՝ հնարավորության սահմաններում Բաքվում գտվող հայ գերիների հարցը բարձրաձայնել տարբեր հարթակներում։
«Գոնե մեկ օր հապաղելու իրավունք չունենք, պետք է մոբիլիցազնել բոլոր ջանքերը, որ օր առաջ մեր հայրենակիցները վերադառնան հայրենիք։ Պետք է հասկանալ, որ պայքարում ենք ոչ թե կոնկրետ անձնաց, այլ հայ ժողովրդի ընդհանրական նկարագրի համար»,- նշեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը։
Նրա խոսքով, այն, ինչ հիմա կատարվում է, ուղղակի հետևանք է Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության եւ անպատժելիության։

