ԱՄՆ–ն Ռուսաստան է արտաքսել Մոսկվայի կողմից հետախուզվող ռուսաստանցու

Ամերիկայի Միացյալ Նահանգները փետրվարի 27–ին Ռուսաստան է արտաքսել մի ռուսաստանցու, որը Մոսկվայի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Interfax–ը՝ հղում կատարելով գլխավոր դատախազությանը:

Դմիտրի Կոշելևը 2014 թվականին Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում հանցակիցների հետ զենքով հարձակվել է ավտոմեքենայում նստած մարդկանց վրա և նրանցից հափշտակել գույք և ավելի քան 1.5 մլն դոլար գումար:

Կոշելևը փախել է քրեական հետապնդումից և միջազգային հետախուզման մեջ է 2020 թվականի ապրիլից:

Նշվում է, որ ՌԴ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ Դմիտրի Կոշելևին արտաքսել են ԱՄՆ-ից, նրան մեղադրանք է առաջադրվել: