Արտավազդ Սահակյանին և Կարինե Բարոյանին շնորհվել է խորհրդատու պրոֆեսորի կոչում
Արտավազդ Սահակյանին և Կարինե Բարոյանին շնորհվեց խորհրդատու պրոֆեսորի կոչում: Այս մասին տեղեկացրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Հարցը զեկուցեց Նոմինացիոն կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Վլադիմիր Շեկոյանը` տեղեկացնելով, որ կոմիտեն Գիտության գծով պրոռեկտորի միջնորդությամբ քննարկել է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանին և բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան, Նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչ Կարինե Բարոյանին բուհի խորհրդատու պրոֆեսորի կոչմանն արժանացնելու հարցը:
Հարցը քննարկվել է նաև ռեկտորատի նիստում, և երկու թեկնածուի համար էլ իմ առաջարկն անսպասելի է եղել:
Աննախադեպ այս որոշումը նախադեպային է երկու թեկնածուի դեպքում էլ և հարգանքի տուրք է ըստ ոլորտների նրանց կատարած հսկայական աշխատանքի դիմաց:
Թե՛ դոցենտ Բարոյանի, թե՛ դոցենտ Սահակյանի կենսագրական էջերը ներկայացնելու կարիք չկար, քանի որ նրանց աշխատանքը տեսանելի է հանրությանն ու ուսանողությանը:
Արտավազդ Սահակյանի դեպքում վերահաստատվել է այն գաղափարը, որ վիրաբուժության մեջ հենց անհատները, կերպարներն են, ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ պատերազմական իրավիճակներում, ձևավորում այս մասնագիտությունը:
Շնորհակալություն հայտնելով պատվաբեր կոչման համար՝ նորընտիր խորհրդատու պրոֆեսորները նշեցին, որ նոր եռանդով ու ջիղով կշարունակեն երիտասարդներ կրթելու, առողջություն պարգևելու այն ուղին, որը սկսել են տասնամյակներ առաջ»,- գրել է ռեկտորը:

