ԵՀԽ-ն Իսրայելից պահանջում է սառեցնել Հայոց Պատրիարքարանի ունեցվածքի բռնագրավումը

Եկեղեցիների hամաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) հայտարարություն է տարածել՝ զորակցելով Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի:

ԵՀԽ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Եկեղեցիների hամաշխարհային խորհուրդը կանգնած է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողքին, որն առերեսվում է Երուսաղեմի քաղաքապետարանի կողմից արձակված անարդար բռնագրավման հրամանի հետ։

Մենք դատապարտում ենք այս գործողությունը որպես կրոնական ազատության դեմ ուղղված բացահայտ հարձակում և Երուսաղեմի սրբավայրերը կառավարող պատմական ստատուս քվոյի տագնապալի խախտում։

Դարեր շարունակ Հայոց Պատրիարքարանը, այլ քրիստոնեական հաստատությունների հետ միասին, պահպանել է Սուրբ Երկրի սրբազան ժառանգությունը՝ ծառայելով որպես հավատքի, համայնքային ծառայության և արդարության փարոս։ Պատրիարքարանի դեմ ձեռնարկված հարկադրական միջոցները ոչ միայն իրավական և բարոյական արատավորություն են, այլև վտանգավոր նախադեպ, որը սպառնում է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական հաստատություններին։

Այս անխոհեմ գործողությունը մաս է կազմում Սուրբ Քաղաքում քրիստոնեական համայնքների դեմ ուղղված աճող ճնշումների, հողային վեճերի և ահաբեկման գործողությունների, որոնք ԵՀԽ-ն բազմիցս դատապարտել է։

Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը անհապաղ սառեցնել բռնագրավման գործընթացը և պահպանել Երուսաղեմի միջազգայնորեն ճանաչված ստատուս քվոն։ Հորդորում ենք միջազգային հանրությանը, ներառյալ կրոնական և քաղաքական առաջնորդներին, վճռական քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու քրիստոնեական համայնքների հիմնարար իրավունքները և ապահովելու, որ Սուրբ Երկիրը մնա երկրպագության, խաղաղության և համակեցության վայր բոլորի համար»։