Դատավորը հեռացավ՝ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու
Ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում անցկացվում է ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով դատական նիստը։
ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով նախագահող դատավոր Արթուր Ոսկանյանը հեռացավ առանձին սենյակ՝ որոշում կայացնելու Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ։
Որոշումը կհրապարակվի մեկ ժամից։
Նշենք, որ հանրային մեղադրողը պահանջում է երկարաձգել կալանքի ժամկետը, իսկ պաշտպաններն առաջարկում են ընտրել խափանման այլ միջոց, օրինակ 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Տ. Խաչատրյանին։
Պաշտպան Վարազդատ Հարությունյանը հայտարարեց, որ իր ընկերները պատրաստ են վճարել այդ գումարը։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանց ոչ պատշաճ կատարումը հանգեցրել է ԶՈՒ բանակային բնագծի՝ ԶՀԽ-ին վստահված հատվածի պաշտպանության ձախողմանը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն՝ է խարխլվել է զորքերի կառավարման համակարգը, խափանվել է ԶՀԽ-ին առաջադրված մարտական առաջադրանքի կատարումը, տապալվել է ՀՀ ԶՈՒ բանակային բնագծի՝ ԶՀԽ-ին վստահված հատվածի պաշտպանությունը։