Սարգիս Գալստյանին 18 տարվա ազատազրկման դատապարտելու հետ համաձայն չէ ոչ մեղադրող, ոչ պաշտպանող կողմը
Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում որպես «պարետ» մնացած Սարգիս Գալստյանի դատավճռի հետ համաձայն չէ թե դատախազությունը, թե պաշտպանության կողմը։ Դատախազությունը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատական ակտը՝ դատապարտելով Գալստյանին ցմահ ազատազրկման, պաշտպանության կողմը՝ բեկանել դատական ակտը և արդարացնել Գալստյանին։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, 2024թ նոյեմբերի 22-ին հրապարակել է Սարգիս Գալստյանի գործով դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով նրան և դատապարտելով ազատազրկման՝ 18 տարի ժամկետով։
Այս դատավճռի դեմ բողոքներ են ներկայացվել։ Բողոքները կքննվեն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Գրիգոր Հովհաննիսյանի և Լուսինե Հովհաննիսյանի։
Հիշեցնենք, որ Սարգիս Գալստյանն Արցախի հայաթափումից հետո կնոջ հետ մնացել էր Ստեփանակերտում՝ իբրև որպես «պարետ», թեև Արցախում ընդամենը մի քանի տասնյակ հայ էր մնացել, որոնք ևս ԿԽՄԿ-ի միջոցով տեղափոխվում էին Երևան։ Գալստյանի կինն ինստագրամյան իր էջում պարբերաբար տեսանյութեր էր հրապարակվում՝ Արցախի դատարկ փողոցներից։ Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել Սարգիս Գալստյանը և նրա կինը՝ սեփական ցանկությամբ։
ՀՀ սահմանը հատելուց հետո վերջիններս ձերբակալվել են, սակայն ավելի ուշ Գալստյանի կինն ազատ է արձակվել, իսկ Սարգիս Գալստյանին, մարտի 30-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ներկայացվել է մեղադրանք լրտեսության համար։ Սարգիս Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Սարգիս Գալստյանից բացի այս գործով այլ մեղադրյալներ չկան։ Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Գալստյանը նախաքննության ընթացքում տրված ինքնախոստովանական ցուցմունքի հրաժարվել է, քանի որ այն տրվել էր հարկադրանքների ներքո։