Նկատելիորեն սրվում են Ադրբեջան- Ռուսաստան, Թուրքիա- Ռուսաստան հարաբերությունները. 5

Սկիզբը՝ այստեղ

Ադրբեջանի արտգործնախարարությունը, ինչպես արդեն նշել ենք մեր նախորդած հրապարակումներից մեկում, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին (ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության և Պետդումայի համանուն խմբակցության անդամ) շուրջ մեկ շաբաթ առաջ ներառել է անցանկալի անձանց (պերսոնա նոն գրատա) ցուցակում, որոնց մուտքն արգելված է երկրի տարածք: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտագործնախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

Հաջիզադեն նշել է նաև, որ սա Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներին հանրապետությունում անցանկալի անձանց ցուցակում ներառելու առաջին դեպքը չէ: Առանց Հաջիզադեի ասելու էլ դա գիտեինք, որ, այո, առաջին դեպքը չէ ու հավանաբար վերջինն էլ չի լինի:

«Օրինակ, ավելի վաղ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ գործունեության համար այդ ցուցակում ընդգրկվել էին Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը և Ընտանիքի պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Վիտալի Միլոնովը»,- հավելել է Հաջիզադեն:

Նա ափսոսանք է հայտնել, որ նշված պատգամավորները իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամներ են:

Ադրբեջանի «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցությունը դեռ 2021թ. հունվարին նամակ էր ուղարկել Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը՝ բողոք հայտնելով Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի հայտարարության առնչությամբ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նամակում նշվել է, որ ՌԴ Պետդումայի պատգամավորը հայկական և ռուսական ԶԼՄ- ներին օրեր առաջ տված հարցազրույցում «վիրավորական արտահայտություններ է արել Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ»:

Դրանից 2 օր առաջ՝ 2021թ. հունվարի 26- ին, նույն խնդրի պատճառով Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել ՌԴ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը: Հիմա տեսնենք, թե մեր հարևանությամբ գտնվող այդ բորենի պետությունն ինչն էր համարել Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ վիրավորական արտահայտություններ: Ադրբեջանական կողմի զայրույթը հարուցել էր «Դիրքորոշում» հայկական հաղորդմանը տված հարցազրույցում Միլոնովի հայտարարությունն առ այն, որ «Ղարաբաղը հինավուրց հայկական հող է»:

Իսկ ՌԴ Պետդումայի պատգամավորի մուտքն Ադրբեջան արգելվել էր դրանից էլ դեռ ավելի վաղ: Քառասունչորսօրյա պատերազմի օրերին Միլոնովն այցելել էր Արցախ, որից հետո Ադրբեջանը նրան ներառել է «սև ցուցակում», որում ընդգրկված անձանց մուտքը երկիր արգելվում է: Ինչպես արդեն նշեցինք, Բաքուն ավելի վաղ արգելել է նաև Կոնստանտին Զատուլինի մուտքն Ադրբեջան: Այս առումով Ալիևը և նրա կրտսեր եղբայր Նիկոլ Հայադավը գործում են միանգամայն ներդաշնակ կերպով՝ առավել քան համոզչորեն վկայելով, որ նրանցից առաջինը Հայաստանի արտաքին թշնամին է, երկրորդը թիվ 1 ներքին թշնամին:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով Նիկոլի իշխանության՝ Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու որոշմանը, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է

«Իմ երևակայությունը վատը չէ, բայց էդ չափ չէր հերիքում։ Ինչի՞ սփյուռքում մարդ չկար, որ ինձ քննադատում էր, իհարկե, կար, բայց որ կարելի է հայի մուտքը փակել կամ այն ռուս գործիչներին, որոնց ամբողջ քաղաքական կենսագրությունը կառուցված է Հայաստանի հետ բարեկամությունը խորացնելու վրա, կամ Ղարաբաղի հարցի հետ կապված, կամ Ցեղասպանության, օրինակ, Զատուլինի, ապերախտության գագաթնակետն է։ Դրանից հետո դրսի մարդիկ ասում են՝ ավելի լավ է՝ էս հայերից հեռու մնալ, սրանք, ժողովրդի լեզվով ասած, «քցող են»:

Քոչարյանն ընդգծել է, որ Կոստանտին Զատուլինը Ռուսաստանի Պետդումայի ամենահայամետ, հայկական շահերով ապրող պատգամավորն էր, ում մուտքն արգելվեց Հայաստան, և հավելել, որ այս քաղաքականությունից պետք է հրաժարվել, և այն մարդիկ, որոնք այդ որոշումը կայացրել են, պետք է պատժվեն։

«Բաքուն պահանջել է փակել «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի ներկայացուցչությունը, քանի որ ղարաբաղյան հարցը «փակելուց» հետո ադրբեջանական իշխանությունները առաջնահերթությունը տալիս են Թուրքիայի հետ համագործակցությանը». այս մասին շուրջ 10 օր առաջ հայտարարել է Զատուլինը։

«Լեռնային Ղարաբաղից հետո Ադրբեջանի համար Ռուսաստանի կարիքը վերացել է: Ադրբեջանի իշխանությունների իրական քաղաքականությունը բոլորովին այլ է. նրանք Թուրքիայի դաշնակիցներն են և իրենց շահերի հետ միասին առաջ են տանում թուրքական շահերը Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում», – վերջերս REX- ին տված հարցազրույցում ասել է Կոնստանտին Զատուլինը։

Զատուլինի ասածը նշանակում է, որ Ադրբեջանը քանի դեռ չէր տիրել Արցախին, զսպում էր Ռուսաստանի հանդեպ իր իրական՝ թշնամական վերաբերմունքը՝ զգուշանալով, որ Ռուսաստանը պատերազմի ընթացքում բացի զենք- զինամթերքով, օգնելուց, կարող է հայերի կողմից անմիջականորեն մասնակցել դրան, բայց հիմա երբ արդեն տիրել է Արցախին, ՌԴ- ի հետ կեղծ բարեկամության կամ «ռազմավարական գործընկեր» խաղալու կարիքը չունի:

«Պետդումայի Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Վալուևի վիրավորական արտահայտություններն ու սպառնալիքներն Ադրբեջանի և ադրբեջանական ժողովրդի հասցեին բացարձակապես անընդունելի են։ Մեր երկրի դեմ նշված պատգամավորի արտահայտությունների կապակցությամբ նրա անունը ներառված է այն անձանց ցանկում, որոնց մուտքը Ադրբեջան արգելված է»,- մեկ շաբաթ առաջ, ТАСС- ի տեղեկացմամբ , ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ավելի վաղ մի քանի ԶԼՄ-ներ հաղորդագրություն էին տարածել այն մասին, որ Վալուևը, ի պատասխան Բաքվում Ռուսական տան գործունեությունը դադարեցնելու մասին Ադրբեջանի ԱԳՆ- ի փետրվարի 3- ի նոտայի, առաջարկել է փակել Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքյան կազմակերպությունները, սահմանափակել ադրբեջանցիների բիզնեսը և այլ միջոցներ ձեռնարկել:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան