Նկատելիորեն սրվում են Ադրբեջան- Ռուսաստան, Թուրքիա- Ռուսաստան հարաբերությունները. 4
Սկիզբը՝ այստեղ
Ինչու փակվեց Բաքվում Ռուսական տունը. այս սկանդալի պատճառները, անշուշտ, ունեն խորքային վերլուծության, պարզաբանման ու լուսաբանման անհրաժեշտություն:
Ինչպես արդեն նշել ենք նախորդիվ, Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի ներկայացուցչությունը (Ռուսական տուն) հարկադրված է եղել փետրվարի 11- ից դադարեցնել իր գործունեությունը, ավելի ճիշտ, Ադրբեջանի իշխանության կացնային քաղաքականության ու գործողությունների արդյունքում արդեն իսկ փակվել է: Կազմակերպությունը վտարվել է այն վարձակալած շենքից, որտեղ իր գործունեությունն էր ծավալում արդեն շուրջ երեք տասնամյակ, նրա գործունեությունը ճանաչվել է որպես Ադրբեջանի օրենսդրությունը խախտող:
Ինչ էր Ռուսական տունը
Ռուսական տունը կամ ռուսական տեղեկատվական- մշակութային կենտրոնը Բաքվում սկսել էր գործել 1997 թվականից: Կազմակերպությունը Ադրբեջանում ներկայացնում էր «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի շահերը, զբաղվում էր ռուսական մշակույթի, գիտության և կրթության խթանմամբ, աջակցում միջազգային համագործակցությանը: Կազմակերպության մեկ այլ գործառույթ հայրենակիցներին՝ Ադրբեջանում ռուսներին, ռուսաստանցիներին աջակցելն էր։ Ըստ էության, Ռուսական տունը յուրօրինակ միջնորդ էր Ռուսաստանի և Ադրբեջանի միջև։
«Ռոսսոտրուդնիչեստվո»- ն ներկայացված է աշխարհի 71 երկրներում, որտեղ աշխատում են «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի 87 արտասահմանյան ներկայացուցչություններ, և որոնք բոլորն ունեն «Ռուսական տուն» ոչ պաշտոնական անվանումը: Հայաստանում նույնպես կա Ռուսական տուն, և չենք բացառում, որ հայերիս ու Հայաստանի թիվ 1 ներքին թշնամի Նիկոլ հայադավը, որը նաև Ռուսաստանի խորքային թշնամիներից է, ճիշտ է, այդ առումով իրեն իրեն առայժմ դեռ ամբողջովին չդրսևորած, Ադրբեջանի իր «բարեկիրթ» եղբոր՝ Ալիևի օրինակով, որոշի և մի «գեղեցիկ օր», յուր ոհմակի հետ միասին, փակի Երևանում գտնվող Ռուսական տունը: Իհարկե, եթե հասցնի…
Ադրբեջանի կողմից պահանջներ Ռուսական տան նկատմամբ
Բաքուն, իբրև Ադրբեջանում Ռուսական տան փակման պաշտոնական պատճառ, ներկայացրել է հանրապետությունում վերջինիս իրավաբանական գրանցման բացակայությունը: 2025թ. փետրվարի 3- ին ՌԴ արտգործնախարարությունը նոտա էր ստացել Ադրբեջանի ԱԳՆ- ից՝ պահանջով Ռուսական տունն Ադրբեջանում գրանցել որպես իրավաբանական անձ կամ Ռուսական տան գործունեությունը դադարեցնել։
Պահանջն օրինական էր, քանի որ գրանցման ընթացակարգն ամրագրված է Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի ներկայացուցչության բացման վերաբերյալ Բաքվի և Մոսկվայի միջև 1997թ. կնքված միջկառավարական համաձայնագրում։ Եվ, այնուամենայնիվ, ինչպես վերջին օրերին քանիցս հայտնել են «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի ղեկավար Եվգենի Պրիմակովը և ռուսական ԶԼՄ- ները, հաստատությունն իր աշխատանքի բոլոր տարիների ընթացքում չի կարողացել Ադրբեջանում պաշտոնական կարգավիճակ ստանալ, չնայած բազմաթիվ դիմումներին ու նույնիսկ ՌԴ արտգործնախարարության մակարդակով միջնորդություններին, Բաքուն դրանց ընթացք չի տվել, անպատասխան է թողել, լռության մատնել, Ռուսական տան գրանցումը տարեցտարի ձգձգել է:
«Բանն այն է, որ և՛ մեր ռուսական դեսպանատունն Ադրբեջանի Հանրապետությունում, և՛ մեր ներկայացուցչությունը, և՛ արտաքին գործերի նախարարությունը բազմիցս դիմել են Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ- ին՝ խնդրելով գրանցել, օգնել մեզ գրանցման հարցում։ Մենք միշտ պատրաստ ենք եղել դա անել, սակայն մեր կոչերն անպատասխան են մնացել»,- «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի ղեկավար Եվգենի Պրիմակովի բացատրությունն է մեջբերել ՏԱՍՍ- ը։
Պրիմակովի խոսքով՝ գրանցման հետ կապված խնդիրը բացատրվում է ոչ թե նրանով, որ Մոսկվան ի վիճակի չէ ձևակերպել Ռուսական տան իրավաբանական գրանցումը: «Ռոսսոտրուդնիչեստվո»- ն գործադիր իշխանության դաշնային մարմին է: Ռուսական տունը ռուսական կազմակերպություն է, իսկ Ադրբեջանի օրենսդրության մեջ բացակայում է հաստատության գրանցման համար նորմատիվային բազան։
«2017 թվականի հունիսի 5- ին Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը Ադրբեջանի ԱԳՆ- ին տեղեկացրել է հետևյալի մասին. 1998 թվականին մենք ունեցել ենք երկկողմ խորհրդակցություններ արդարադատության նախարարության հետ, ձևավորվել է միասնական կարծիք, այսինքն՝ ադրբեջանական կողմինը նույնպես, որ ադրբեջանական օրենսդրությամբ նախատեսված չեն ոչ առևտրային իրավաբանական անձանց ձևեր, որոնք ընդունելի են ռուսական տեղեկատվական- մշակութային կենտրոնի գրանցման համար»,- հավելել է Պրիմակովը:
Ստացվում է, որ անցած գրեթե 10 տարվա ընթացքում Ադրբեջանն իր օրենսդրության մեջ միտումնավոր չի ներառել ոչ առևտրային իրավաբանական անձանց այնպիսի ձևեր, որոնք թույլ կտային գրանցել Ռուսական տունը:
«Ռոսսոտրուդնիչեստվո»- ի ղեկավարն ընդգծել է, որ 2017թ. ռուսական և ադրբեջանական կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակել Ռուսական տան աշխատանքը: Սակայն 2025թ. փետրվարին Ադրբեջանի իշխանություններն, այնուամենայնիվ, պահանջել են փակել Բաքվում ռուսական վերոնշյալ հաստատությունը հենց այն պատճառով, որ Ռուսական տունը չունի իրավաբանական գրանցում։ Ադրբեջանի ուխտադրուժ գործելակերպն ում- ում, գոնե հայերիս համար նորություն չէ:
Ռուսական կողմի արձագանքը
Ինչպես հաղորդել էր РБК- ն, Ռուսաստանի ԱԳՆ- ն հերթական անգամ պատրաստակամություն էր հայտնել Բաքվում Ռուսական տունը գրանցել Ադրբեջանի օրենքներին համապատասխան:
«Մենք բազմիցս առաջարկել ենք այդ հարցը քննարկել դիվանագիտական խողովակներով, համապատասխան խորհրդակցությունների շրջանակներում… Մենք հույս ունենք, որ այդ հարցը դրական լուծում կստանա»,- փետրվարի 6- ի ճեպազրույցի ընթացքում ՌԴ դիրքորոշումն էր նշել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ենթադրել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները շփման դեպքում կկարողանան քննարկել Բաքվում Ռուսական տան փակման հետ կապված իրավիճակը:
«Անշուշտ, մենք այդ հարցը տարբեր մակարդակներով ենք դնելու մեր գործընկերների առաջ։ Եթե բարձր մակարդակով շփումներ լինեն, չենք բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել նաև երկու պետությունների ղեկավարների երկխոսության մեջ»,- Պեսկովի խոսքն էր մեջբերել ՏԱՍՍ- ը։ Սակայն, դատելով տեղի ունեցածից, Ադրբեջանի իշխանությունները ջանացին, որ մինչ այդ Ռուսական տունն արդեն փակվի, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ գա…
Ոչ թե պարզապես փակել են, այլ վռնդել
Պաշտոնական կարգավիճակը կորցնելուց բացի, Ռուսական տունը Բաքվում կորցրել է «գրանցման վայրը»։ Ռուսական ներկայացուցչությանը վտարել են վարձակալած տարածքից։ ՏԱՍՍ- ի հաղորդմամբ, «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի ղեկավարը բացատրել է, որ շենքի սեփականատերը վաճառքի է հանել շինությունը:
«Շինության, որը մենք վարձակալում ենք, սեփականատերն ասաց, որ ինքը շտապ վաճառում է այն ու մեզ առաջարկում է հեռանալ,- ասել է Պրիմակովը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում։- Այն ժամկետը, երբ մենք պետք է լքենք շենքը, արդեն մոտենում է, ինչ- որ տեղ մեկուկես ամսվա ընթացքում այն կգա»:
Պրիմակովը հստակեցրել էր, որ Բաքվում Ռուսական տունը կարող է «կարծես թե բնական պատճառներով» մնալ առանց շենքի: Մեկուկես ամսվա, որովհետև Ռուսական տան շենքի սեփականատերը հաստատությանն այդքան ժամանակ էր տվել շենքն ազատելու համար, սակայն, ինչպես արդեն նշել ենք, ոչ թե մեկուկես ամիսը, այլ նույնիսկ մեկուկես շաբաթը չանցած, պահանջել է ազատել շենքը, փետրվարի 11- ին սկսել Ռուսական տանն այնտեղից հանելու գործընթացը…
Բաքվում Ռուսական տան փակման վարկածներից մեկը
Բաքվում Ռուսական տան գործունեության դադարեցումը, ինչպես գրել է «Վեդոմոստ»- ի գործակալությունը, կարող էր տեղի ունենալ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կտրուկ սառեցման ֆոնին, որը սկսվել է 2024թ. դեկտեմբերի 25- ից Բաքու- Գրոզնի չվերթով թռչող ադրբեջանական AZAL ավիաընկերության «Embraer E-190» ինքնաթիռի վթարից հետո։
«Բաքուն Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցման որոշում է կայացրել։ Նրա և ռուսական ինստիտուտների նկատմամբ հավակնություններն ավելանում են։ Ադրբեջանը քայլ առ քայլ, հետզհետե հեռանում է Ռուսաստանից»,- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կենտրոնական Ասիայի բաժնի վարիչ Ստանիսլավ Պրիտչինի կարծիքն է մեջբերել «Վեդոմոստի» – ն։
Փորձագետի թյուր կարծիքով, Ադրբեջանի ղեկավարության նման դիրքորոշումը մարտավարական քայլ է, և երկարաժամկետ հեռանկարում հանրապետությունն ի վիճակի չէ դադարեցնել բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Իրանը չի կարող Ադրբեջանին գործընկեր և ՌԴ- ին փոխարինող համարվել, ԱՄՆ- ն ընտրել է Հայաստանի կողմը և նրա հետ ստորագրել է ռազմավարական համագործակցության կանոնադրություն, Թուրքիան չափազանց հեռացված է և զբաղվում է այլ կոնֆլիկտային կետերում խնդիրների լուծմամբ։ Պրիտչինի այս կարծիքն իրականությանն այնքան էլ չհամապատասխանող ենք համարում, որովհետև թեև Իրանի առնչությամբ գրվածը ճիշտ է, սակայն սխալ է Թուրքիայի վերաբերյալ արտահայտած կարծիքը, թե Թուրքիան չափազանց հեռացված է Ադրբեջանից, բացի այդ, անտեսված է Ադրբեջանի վրա մեծ ազդեցություն ունեցող Մեծ Բրիտանիայի դերակատարությունը, նաև՝ Իսրայելի, ի վերջո, եթե խոսքը երկարաժամկետ հեռանկարի մասին է, ոչ ոք հաստատապես չգիտե, թե ինչպիսին կլինի ԱՄՆ- ի քաղաքականությունը Թրամփից հետո…
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան