«Ոչմիթիզական Ռեմբոն» դարձավ «աշխարհաքաղաքական Գիքոր»․ Ռոբերտ Քոչարյան

«Արցախի հանձնումը տեղի է ունեցել երկու փուլով»,- այսօր մամուլի ասուլիսին ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Առաջինը՝ 2018-2020 թվականին էր և երկրորդ՝ 2020-ի պատերազմից հետո մինչև 2023 թվականի սեպտեմբեր», – ասել է նա:

Նրա պնդմամբ, 2019 թվականին Նիկոլ Փաշինյանն արհամարհել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «ընդունելի առաջարկները»՝ ասելով, թե «ես կինոյի տղան եմ, ինչ ուզեմ, այն էլ կբանակցեմ և, ըստ էության բանակցային գործընթացը մտցնելով փակուղի»:

«Նա հայտարարեց, թե «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ սա պատերազմի կոչ էր: Այդ ընթացքում տպավորություն կար, թե Փաշինյանը Հայաստանի պատմության մեջ «ամենաոչմիթիզական» ղեկավարն է: Նա իրեն «կովկասյան Ռեմբո» երևակայեց, որը կարող է անել այն ամենը, ինչ ուզում է: Սակայն պատերազմից հետո «ոչմիթիզական Ռեմբոն» դարձավ «աշխարհաքաղաքական Գիքոր»», – ասել է Հայաստանի նախկին նախագահը:

Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, «փայլուն հնարավորություն կար՝ ընդունել համանախագահների առաջարկը և մտնել բանակցությունների փուլ, փայլուն հնարավորություն կար խուսափել պատերազմից»:

Երկրորդ նախագահը նշեց, որ ձախողման պատճառը Նիկոլ Փաշինյանի «մեծամտությունն է, 2-3 քայլ առաջ հաշվարկ անելու անընդունակությունը և արկածախնդրությունը».

«Դիվանագիտական արվեստը չուգունե գլխով պատ ջարդելը չի, այլ դուռ գտնելը այդ պատի մեջ»:

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Արցախի հանձնման երկրորդ փուլը և «կոպիտ սխալը եղել է Պրահայում, երբ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում»:

«Սա դատավճիռ էր: Սա եղել է այն ժամանակ, երբ Ռուսաստանն անհաջողություններ էր ունենում Ուկրաինայում, և ՀՀ իշխանությունները որոշեցին, որ Ռուսաստանը պարտվում է: Պրահայի որոշումով զրոյացվեց Ռուսաստանի միջնորդության մանդատը։ Եթե որևէ մեկը մտածում է, որ Ռուսաստանն այն երկիրն է, որին կարելի է այս աստիճանի արհամարհել, չարամիտ սխալվում է»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը: