Կանադան երբեք չի լինի ԱՄՆ 51-րդ նահանգը. Թրյուդո

Վարչապետ Ջասթին Թրյուդոն կրկնել է, որ Կանադան երբեք չի միանա ԱՄՆ-ին որպես 51-րդ նահանգ։

«Ես ուզում եմ շատ հստակ ասել` Կանադան երբեք չի լինի 51-րդ նահանգը: Դա երբեք տեղի չի ունենա»,- ասել է Թրյուդոն Բրյուսելում լրագրողների հետ զրույցում։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։

Կանադայի վարչապետը միաժամանակ նշել է, որ Օտտավան շատ լուրջ է վերաբերվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նման հայտարարություններին։

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր հարցազրույցում ասել էր, որ լրջորեն ցանկանում է, որ Կանադան դառնա 51-րդ նահանգը:

Թրամփը վերընտրվելուց հետո բազմիցս ասել է, որ Կանադայի համար ավելի լավ կլիներ, եթե երկիրը համաձայներ դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը, մի հեռանկար, որը խորապես անընդունելի է կանադացիների շրջանում: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ուրբաթ օրը գործարարների հետ դռնփակ հանդիպման ժամանակ ասել է, որ Կանադան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու մասին Թրամփի խոսակցությունը «իրական բան» է և կապված է երկրի բնական ռեսուրսներին հասանելիություն ստանալու ցանկության հետ:

«Պարոն Թրամփը կարծում է, որ դա անելու ամենահեշտ ճանապարհը մեր երկիրը կլանելն է, և դա իրական բան է… Նրանք շատ լավ գիտեն մեր ռեսուրսների մասին, թե ինչ ունենք, և նրանք շատ են ցանկանում, որ կարողանան օգուտ քաղել դրանցից»,- ասել է Թրյուդոն: