Ադրբեջանը պաշտոնապես ծանուցել է ԱՄՆ-ին՝ երկրում USAID-ի աշխատանքի դադարեցման մասին

Ադրբեջանը պաշտոնապես ծանուցել է ԱՄՆ-ին երկրում Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը դադարեցնելու մասին։ Այս ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

«Ամերիկյան կողմը պաշտոնապես ծանուցվել է երկրում USAID-ի գործունեության իրավական հիմքերի բացակայության եւ նրա աշխատանքի դադարեցման մասին»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Հունվարի 16-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը վրացի գործընկեր Բոչորիշվիլու հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել էր, թե USAID-ի գործունեությունը Ադրբեջանում պետք է դադարեցվի։

«Ադրբեջանում գործելու համար USAID-ն իրավական հիմքեր չունի, և դրա գործունեությունը պետք է ամբողջովին դադարեցվի»,- պնդել էր Բայրամովը։ Նա նշել էր, որ 2024 թվականի հունիսի 1-ից հետո ադրբեջանական կողմը չի թարմացրել Ադրբեջանում USAID գործունեության վերաբերյալ 2000 թվականին ստորագրված շրջանակային փաստաթուղթը։ Ըստ Բայրամովի, որոշումը կայացվել էր այն պատճառով, որ վերջին տարիներին USAID-ի օգնությունը «ոչ մի կերպ չէր համապատասխանում Ադրբեջանի շահերին, այլ ծառայում էր երկրում ԱՄՆ օրակարգի առաջ մղմանը»:

1991 թվականից ի վեր USAID-ն Ադրբեջանում մոտ 431 միլիոն դոլարի ներդրում է կատարել՝ ադրբեջանցիներին աջակցելով մի շարք ոլորտներում՝ առողջապահականից մինչև տնտեսական բարեփոխումներ։