Փաշինյանը խոսեց «Խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված երկու կետերի մասին

««Խաղաղության պայմանագրի» հետ կապված նոր ասելիք չկա, որովհետեւ ասել եմ արդեն, որ նախագծում առկա 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են»,- ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ երկու չհամաձայնեցված կետ կա և երկուսի մասով էլ Հայաստանը առաջարկել է լուծումներ:

«Դրանցից մեկը վերաբերում է երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չտեղակայելուն: Մենք առաջարկում ենք դա կիրառել սահմանի, սահմանազատված հատվածների նկատմամբ:

Եվ նաև կա իրավական հարթություններում վեճերի միջազգային ատյաններից հետ կանչելու թեման, որը որոշակի հանգամանքներում և պայմաններում մեզ համար կարող է ընդունելի լինել: Մենք պետք է համոզվենք, որ ոչ միայն միջազգային ատյաններում ենք որևէ բան հետ կանչում, այլև այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես»։

Փաշինյանը նաև ասաց. «Մենք լուծումներ ենք առաջարկել, որոնք և Ադրբեջանի ասած հարցերն են լուծում, և մեր ասած հարցերը։ Էժան և իրատեսական տարբերակն է՝ Մեղրիի երկաթուղիով Արևմտյան Ադրբեջանից, այսինքն Զանգելանի շրջանից Մեղրիով Նախիջևան հակառակ ուղղությամբ և Երասխից Նախիջևանի տարածքով Մեղրի և հակառակ ուղղությամբ և Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքով միջազգային առևտրի համար, և Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների կամ միջազգային առևտրի համար: Մենք էդ առաջարկն արել ենք:

Այս փուլում սկսենք բեռնափոխադրումները, հետո երբ որ մթնոլորտն ավելի համապատասխան լինի, կմտածենք նաև ուղևորափոխադրումների մասին:

Անկեղծ ասած, սպասում ենք Ադրբեջանի դրական գնահատականին: Եվ եթե շատ անկեղծ լինեմ, նաև Ադրբեջանի դիրքորոշումներն իմանալով, լավ չեմ պատկերացնում, թե ինչու պետք է դա մերժեն»։