Փաշինյանը խոստովանեց, որ «իրական Հայաստանի ռազմավարություն» ասելով՝ նկատի ունի իր ելույթները
Փաշինյանն այսօր ասուլիսին խոստովանեց, որ «իրական Հայաստանի ռազմավարություն» ասելով՝ նկատի ունի իր ելույթները և որևէ փաստաթուղթ չկա։
«Այս պահին մենք ռազմավարություն ասելով նկատի ենք ունենում այս կապակցությամբ իմ ունեցած ելույթները և հայտարարությունները, բայց ես համաձայն եմ, որ դա պետք է փաստաթղթավորվի, և այդ փաստաթղթավորման գաղափարախոսության ձևակերպման աշխատանքը գնում է»,- հայտարարեց Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե վարչապետը խոսում է իրական Հայաստանի ռազմավարության մասին, մինչդեռ այդպիսի փաստաթուղթ գոյություն չունի, միակ հայտնի ռազմավարությունը 2020-ի ազգային անվտանգության ռազմավարությունն է, որտեղ ընդհանրապես հակառակի մասին է խոսքը:
Փաշինյանը նշեց, որ ինքն անձամբ ներգրավված է նոր ռազմավարության ձևավորման աշխատանքներում. «Մենք ազգային անվտանգության նոր ռազմավարություն ենք մշակում և իրական Հայաստանի հայեցակարգը և գաղափարախոսությունը, այո, պետք է արտահայտվի մեր բոլոր ռազմավարական փաստաթղթերում, այդ թվում ռազմական բնույթի փաստաթղթերում, այդ թվում ռազմական դոկտրիններում և այլն:
Այո, իմ ընկալումն այն է, որ ամեն ինչը պետք է համապատասխանաբար խմբագրվի, համապատասխան ձևակերպումներ ստանա: Հիմա որոշ տեղերում այդպիսի որոշումներ կան, ընդհուպ կրթության ոլորտում ենք մենք այդպիսի որոշում ներկայացնում, արտաքին քաղաքականության: Կիրանց-Բերքաբերք հատվածում սահմանազատումը այդ ռազմավարության գործնական իրագործումն էր»,-ասաց նա:

