Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու համար
Վրաստանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ և խորացմամբ: Այս մասին Երևանում հունվարի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Այս գործընկերությունը շատ կարևոր է ողջ տարածաշրջանի համար անվտանգության, բարգավաճման և կայուն զարգացման տեսանկյունից:
Միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը մեծ նշանակություն ունի ռազմավարական գործընկերության շրջանակներում ընդհանուր նպատակներին հասնելու համար։ Մեր երկրների միջև կան առանձնահատուկ հարաբերություններ, ինչը պայմանավորված է ոչ միայն աշխարհագրությամբ։ Մեր գործընկերությունը խորապես արմատավորված է երկու երկրների և ժողովուրդների միջև դարավոր պատմություն ունեցող հարաբերություններում:
Վրաստանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչը նրա բարգավաճման նախապայմանն է»,- հավելել է Վրաստանի վարչապետը։
Նա ընդգծել է միմյանց ռազմավարական շահերի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի կարևորությունը՝ շնորհակալություն հայտնելով հայկական կողմին Վրաստանի տարածքային ամբողջականության, անձեռնմխելիության և ինքնիշխանության օգտին արտահայտված խոսքերի համար։
«Մեր տնտեսական հարաբերությունները նույնպես կարևոր են, և մենք գոհ ենք միտումներից։ Այդ հարաբերությունները զարգացման ներուժ ունեն, և մենք քննարկել ենք այդ ներուժն օգտագործելու հնարավորությունները»,- նշել է Կոբախիձեն՝ Փաշինյանին հրավիրելով այցելել Վրաստան։

