Հունգարիան արգելափակել է Բելառուսի վերաբերյալ ԵՄ համատեղ հայտարարությունը

Հունգարիայի ներկայացուցիչներն արգելափակել են Եվրամիության երկրների համատեղ հայտարարությունը Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչելու վերաբերյալ։ Այս մասին կիրակի օրը՝ հունվարի 26-ին, հայտնել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» մեդիա-կորպորացիան՝ հղում կատարելով Բրյուսելի աղբյուրներին։ Հունգարիայի ստորագրության բացակայության պատճառով ԵՄ-ը չի կարողացել հրապարակել 27 անդամների համատեղ հայտարարությունը։ Փոխարենը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը և Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հրապարակել են իրենց հայտարարությունը։

Փաստաթղթում, մասնավորապես, ընդգծվել է, որ հունվարի 26-ի ընտրությունները «ազատ և արդար» չեն եղել, և բելառուս ժողովուրդը «արժանի է իրական ձայնի այն հարցում, թե ով է կառավարելու իր երկիրը»։

«Բելառուսում մարդու իրավունքների անխնա ճնշումը, քաղաքական մասնակցության և անկախ լրատվամիջոցների հասանելիության սահմանափակումները զրկել են ընտրական գործընթացը ցանկացած լեգիտիմությունից»,- նշել են Կալասը և Կոսը:

Նրանք ընդգծել են, որ Բրյուսելը կշարունակի սահմանափակումներ կիրառել բելառուսական ռեժիմի նկատմամբ՝ «միաժամանակ ֆինանսական աջակցություն տրամադրելով քաղաքացիական հասարակությանը, բելառուսական աքսորում գտնվող ժողովրդավարական ուժերին և բելառուսական մշակույթին»։