Շրջանառության մեջ է դրվում 20 000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ 2025 թ․ հունվարի 27-ից շրջանառության մեջ է դրվում 20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը, որը ՀՀ տարածքում հանդիսանում է օրինական վճարամիջոց և ենթակա է անվերապահ ընդունման իր անվանական արժեքով առանց ժամկետային սահմանափակումների:

2024 թ․ թողարկման թղթադրամի դարձերեսին  ավելացել է տեսանելի գունափոփոխ պաշտպանական հատկանիշ՝ ներքևի ձախ անկյունում անվանական արժեքն արտահայտող թվանշանը տպագրված է օպտիկապես փոփոխական ներկով:

Թղթադրամի դիմերեսին փոխվել են թողարկման տարեթիվը՝ 2024, և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունը։

1999-2021 թթ. թողարկման 20000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: