Ավիավթարի մասին նախնական զեկույցը կարող է հրապարակվել հաջորդ շաբաթ

Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի հետաքննության հանձնաժողովի ղեկավար Կանատ Բոզումբաևը, որի նրա խոսքերը մեջբերել է Kazinform գործակալությունը։

«Դրանք վերծանվել են (սև արկղերի տվյալները), վերադարձվել են Ղազախստան և գտնվում են Գլխավոր դատախազության ենթակայության քննչական խմբում, բոլոր փորձագետներն աշխատում են դրանց վրա։ Այժմ և՛ ադրբեջանական, և՛ ռուսական կողմը ունեն այդ արկղերի պատճենները, մենք պատճառ չունենք որևէ բան թաքցնելու»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է նա:

Փոխվարչապետը պարզաբանել է, որ համացանցում հրապարակված սև արկղերի սղագրությունը տարբերվում է բնօրինակից։

Ավիավթարի մասին նախնական զեկույցը կարող է հրապարակվել հաջորդ շաբաթ, հավելել է Բոզումբաևը։

Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական Embraer 190 ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի արևմտյան Ակտաու քաղաքի մոտ։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի հինգ անդամ և 62 ուղևոր, այդ թվում՝ 16 ռուս, որոնց թվում՝ 11-ամյա աղջիկ, 37՝ Ադրբեջանից, 6-ը՝ Ղազախստանից և երեքը՝ Ղրղզստանից։

Ղազախստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ ողջ է մնացել 29 մարդ։ Տուժած ինը ռուսաստանցի Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ չվերթով տեղափոխվել են Մոսկվայի հիվանդանոցներ բուժման նպատակով։