Եվրոպայում ընդլայնման գործընթացը կանգ է առել. Արմեն Գևորգյանը մեջբերեց եվրոպացի պատգամավորի կարծիքը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն այսօր ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցով ԱԺ-ում քննարկման ժամանակ մեջբերեց վերջերս մամուլում հրապարակված մի հարցազրույց Եվրոպական խորհրդարանի ամենախոշոր ֆրակցիայի` EPP-ի նախագահի տեղակալի հետ։

Հարցազրույցում, թե որքանով է իրատեսական ԵՄ-ին՝ ՀՀ-ի հնարավոր անդամակցությունը կամ հնարավոր թեկնածության հաստատումը՝ պատգամավորը պատասխանել է, որ Եվրոպայում այսօր կանգ է առել ընդլայնման գործընթացը և շատ երկար ժամանակ նոր ընդլայնում տեղի չի ունեցել, տարիներ շարունակ թեկնածու երկրները մնացել են անավարտ գործընթացի մեջ։

«Եվրոպացիների կողմից օրինակ, շատ ակնհայտ խնդիր է այն, որ Թուրքիան դեռևս թեկնածու է անդամակցության համար։ Սա ցույց է տալիս, որ այս գործընթացը դարձել է տեխնոկրատական, արհեստական և այլևս չի արտահայտում այն դինամիկան, որ Եվրոպան պետք է վերականգնի իր վարկանիշը բարձրացնելու համար»։

Արտակ Զեյնալյանն ասաց, որ սա իրավական ակտի ուժ չունեցող մոտեցում է կամ պարզապես անհատի դիրքորոշում։ «Ունենք երկրների օրինակներ, որ վերջերս արդեն անցել են գործընթացը և ստացել են թեկնածուի կարգավիճակ, որը շարունակվելու է։ Սա պրոցես է, որի ընթացքում այդ պետությունները բարելավում են իրենց վիճակը»։

Արմեն Գևորգյանը հորդորեց նման պաշտոնյաներին չթերագնահատել, հատկապես, որ առաջիկայում նրանց հետ հանդիպումներ լինելու են Եվրոպայի խորհրդարանում։