Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՀԿ-ից Վաշինգտոնի դուրս գալու վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալությունից հետո Սպիտակ տանն անցկացրած առաջին օրը 47 րոպե 5 վայրկյանում ստորագրել է մի քանի տասնյակ հրամանագրեր։ Օվալաձև աշխատասենյակում նախագահը ստորագրել է հրամանագրեր և միաժամանակ պատասխանել մամուլի ներկայացուցիչների հարցերին։

Նա ստորագրել է հրամանագիր՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) Վաշինգտոնի դուրս գալու վերաբերյալ: Փաստաթուղթը հրապարակել է Սպիտակ տունը։

ԱՄՆ նոր նախագահը կարծում է, որ իր երկիրը չափազանց շատ գումար է վճարում կազմակերպությանը՝ մյուսների համեմատությամբ:

«Չինաստանի բնակչությունը 1,4 միլիարդ է՝ Միացյալ Նահանգների բնակչության 300 տոկոսը, սակայն նրա ներդրումը ԱՀԿ-ում գրեթե 90 տոկոսով պակաս է», – ասվում է փաստաթղթում։

Հիշեցնենք, որ Թրամփը երկրորդ անգամ է հրամանագիր ստորագրում ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ: 2020 թվականին՝ իր առաջին նախագահական ժամկետում, Թրամփը հայտարարել էր ԱՀԿ-ից դուրս գալու մասին. կատարողական հրամանագրի տեքստում ասվում էր, որ կազմակերպությունը չի անցկացնում անհրաժեշտ բարեփոխումներ և ճիշտ չի գործել COVID-19-ի համավարակի ժամանակ։