Հայաստանի արձագանքը լրագրողական արտահայտություններին ՌԴ հեռուստաեթերում տարակուսանք է առաջացնում. Զախարովա

Հայաստանի արձագանքը ռուսական հեռուստատեսությունում լրագրողական հայտարարություններին տարակուսանք է առաջացնում, Երևանին հայտնի է Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը։

Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ-ում ՌԴ դեսպանին ԱԳՆ կանչելը՝ կապված «Вести недели» հաղորդաշարի թողարկման հետ։ ՀՀ ԱԳՆ-ում հայտնել են, որ հունվարի 12-ի հաղորդման մեջ հնչեցվել են արհեստականորեն գեներացվող նարատիվներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։

Զախարովան ասաց, որ խոսքը պարզապես լրագրողի արած արտահայտությունների մասին է։

«Մենք մշտապես Երևանից լսում ենք, որ Հայաստանը հավատարիմ է խոսքի ազատությանը, առավել ևս ՀՀ իշխանությունը դա վերածել է օրվա հրամայականի։ Իսկ մեր պետության պաշտոնական դիրքորոշումը Երևանին շատ լավ հայտնի է։ Դրա էությունը մենք բազմիցս ներկայացրել ենք մեր բրիֆինգների ընթացքում։ Մենք հետևողականորեն խոսում ենք Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման մասին 2020-2022 թթ. բարձրաստիճան պայմանավորվածությունների հիման վրա։ Խոսքը նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների մասին է, որոնցում ամեն բան հստակ նշված է»,- ասաց Զախարովան՝ մեջբերելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը։

Նա նշեց, որ փոխվարչապետների հանձնաժողովի աշխատանքի հիմքն այս պայմանավորվածություններն են, այդ աշխատանքների ընթացքում էական պրակտիկ արդյունքներ են ձեռք բերվել։ Զախարովան նաև ընդգծեց. «Եռակողմ աշխատանքային խմբում երբեք խոսք չի եղել ՀՀ-ում արտատարածքային միջանցքների ձևավորման մասին»։