Ճապոնիան ցունամու նախազգուշացում է տվել ուժգին երկրաշարժից հետո

Ճապոնիայի Կյուսյու կղզու հարավ-արևելյան ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամու նախազգուշացում է հայտարարվել:

Կյուսյու կղզու արևելյան և Սիկոկու կղզու հարավային ափերի համար գործում է մինչև 1 մետր բարձրության ցունամու նախազգուշացում: Ամամի, Տոկարա, Տանեգասիմա, Յակուշիմա և Հոնսյու կղզու մի քանի շրջաններում գործում է մինչև 20 սանտիմետր մակընթացային ալիքի նախազգուշացում։

Զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ առայժմ չկան։ Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը Կյուսյու կղզու մոտ տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը 6,4-ից բարձրացրել է մինչև 6,9 բալ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 21:19-ին: Երկրաշարժի աղբյուրը գտնվել է ջրի տակ 30 կիլոմետր խորության վրա։