Ուկրաինայի հարցով Թրամփի հատուկ բանագնացը բացառել է Պուտինին զիջումների գնալը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է «որքան հնարավոր է շուտ» ավարտել պատերազմն Ուկրաինայում, սակայն չի պատրաստվում զիջումների գնալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հակամարտության կարգավորման գործընթացում, ասել է Ուկրաինայի հարցով ամերիկացի ապագա առաջնորդի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը:
«Կարծում եմ՝ մարդիկ պետք է իմանան, որ նա չի փորձում որևէ բան տալ Պուտինին կամ ռուսներին։ Նա փորձում է փրկել Ուկրաինան և պահպանել նրա ինքնիշխանությունը: Նա պատրաստվում է համոզվել, որ դա արվի արդար և արդարացիորեն»,- ասել է Քելոգը Fox News-ին տված հարցազրույցում, փոխանցում է rbc.ru-ն։
Նա նշել է, որ հեռացող նախագահ Ջո Բայդենի «ամենամեծ սխալը» Պուտինի հետ երկու տարուց ավելի չբանակցելն էր։
«Թրամփի վարչակազմը «ծրագրում է պայմաններ ստեղծել նախագահի համար», որպեսզի նա կարողանա խոսել ինչպես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, այնպես էլ Ռուսաստանի առաջնորդի հետ», – ասել է Քելոգը։
Նա նաև ընդգծել է, որ «անձնական և մասնագիտական» մակարդակով նպատակ է դրել՝ փորձել հակամարտության լուծում գտնել հունվարի 20-ին Թրամփի երդմնակալությունից հետո 100 օրվա ընթացքում։ Մինչ այս Թրամփը հույս էր հայտնել, որ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո վեց ամսվա ընթացքում կկարողանա դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ հասկանում է Ռուսաստանի «զգացմունքները», որը դեմ էր Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելուն։ «Այդ դեպքում Ռուսաստանը ինչ-որ մեկին [ՆԱՏՕ-ից] կունենա հենց իր շեմին»,- նշել է Թրամփը։ Նրա խոսքով՝ Մոսկվան և Կիևը «գործարք ունեին», որը հարմար էր երկու կողմերին, բայց Բայդենը խախտեց այն՝ ասելով, որ Կիևը պետք է կարողանա միանալ դաշինքին։

