Արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում է յոթժամյա աշխատանքային օրվան անցնելու օրենսդրական նախագիծը

«Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով». Սթիվ Ջոբսի այս խոսքերով է սկսել հայտարարությունը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան՝ անդրադառնալով  յոթժամյա աշխատանքային օրվան անցնելու օրենսդրական նախագծին։

«Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում և սատարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը, քանի որ՝

– Աշխատանքային ժամերի կրճատումը կնպաստի աշխատանքի որակի բարձրացմանը, աշխատողների հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանմանը  և կյանքի որակի բարելավմանը։ Երբ աշխատողներն ունենան բավարար հանգստի ժամանակ, նրանք կարող են վերականգնել իրենց ուժերը և ավելի արդյունավետ աշխատել իրենց աշխատանքի ժամերին։

– Սա գործուն քայլ է դեպի սոցիալական բաղադրիչը, ինչը սահմանադրական պարտավորություն է, քանի որ Հայասատանի Հանրապետությունը սոցիալական պետություն է։

– Գործատուները պարտավոր են ապահովել արժանապատիվ աշխատանքային միջավայր և կազմակերպել աշխատանքի  այնպիսի բաշխում, որի արդյունքում աշխատողը կարող է արդյունավետ իրականացնել իր գործառույթն ավելի նվազ աշխատանքային ժամերի ընթացքում։

– Ցածր և գնաճի հետ անհամաչափ աշխատավարձերի, պայմաններում, ամենաշատ արձանագրվող խախտումներից են աշխատողների գերծանրաբեռնվածությունը, փոխարինող աշխատողներ չներառելը, անգամ աշխատողի՝ ամենամյա կամ չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակ փոխարինող աշխատողը շատ դեպքերում ստիպված է լինում կատարել կրկնակի աշխատանք և չփոխհատուցվել։

– Ինչ վերաբերում է տոնական և ոչ աշխատանքային օրերի կրճատմանը՝ սա նույնպես աշխատողին ի վնաս և գործատուներին կրկնակի շահույթ ստանալուն է հանգեցրել, քանի որ այն ոլորտներում որտեղ աշխատում են անընդմեջ, տոնական և ոչ աշխատանքային օրերին, գործատուներն ավելի պակաս են վարձատրել։

– Հետևաբար, այս քաղաքականությունը չի հանգեցրել Հայաստանում ապրող և աշխատող քաղաքացու բարեկեցության բարձրացմանը, հակառակը անհավանական գնաճի պայմաններում աշխատավարձերը չեն ինդեքսավորվում և ՀՀ-ում շարունակում է բարձր մնալ աշխատող աղքատների թվաքանակը»։