Ռուսական ռազմանավը ժամանել է «Ուրսա մայոր» բեռնատար նավի խորտակման վայր

Իսպանիայի ծովային փրկարար ծառայությունից հայտնել են, որ ռուսական ռազմանավ է ժամանել այն տարածք, որտեղ վթարի է ենթարկվել «Ուրսա Մայոր» բեռնատար նավը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Երեկ ահազանգ է ստացվել ռուսական «Ուրսա Մայոր» բեռնատար նավից, որը գտնվում է Ալմերիայի ափից մոտավորապես 57 մղոն հեռավորության վրա։ Կապվելով մոտակայքում գտնվող նավի հետ, նա հայտնել է վատ եղանակային պայմանների մասին։ Այնուհետև տարածքին մոտեցել է ռուսական ռազմանավ, որը ստանձնել է փրկարարական աշխատանքներն իսպանական իշխանությունների կողմից այդ գործառույթն իրեն փոխանցելուց հետո»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ միջադեպի տարածքում են նաև Իսպանիայի փրկարար ծառայության ստորաբաժանումները։ Նրանք աշխատանքներ են տանում նավիգացիայի համար վտանգավոր լողացող օբյեկտները հեռացնելու և ծովային միջավայրի հնարավոր աղտոտվածությունը կանխելու համար: Ինչպես պարզաբանվել է, նրանք փրկարարական աշխատանքներով չեն զբաղվում։

Նշվում է նաև, որ վթարի ենթարկված նավի բեռը բաղկացած է եղել պահեստում գտնվող դատարկ բեռնարկղերից և տախտակամածին գտնվող երկու կռունկներից։