Ապշած էի, երբ տեսա ԱՄՆ իմ թռիչքի տոմսերի գները՝ ամբողջությամբ կփոխհատուցեմ. Ավինյան

Վերջերս մեր ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են ձեռք բերվել մասնավորապես ինձ համար տոմսերը, և անկեղծ ասած, ինքս էլ մի փոքր ապշած էի այդ թվերից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ սա տեղին քննադատված թեմաներից մեկն է:

«Ես որոշում եմ կայացրել այդ ծախսը ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն և նաև կանխելով հետագա հարցերը, թե ինչ գումարներով, կառաջարկեմ իմ հայտարարագիրը ուսումնասիրել: Շատ կարևոր եմ համարում հետագա հետևանքները»,-ասաց նա:

Ավինյանի խոսքով պատասխանատվության պետք է ենթարկվեն այն մարդիկ, որոնք պատասխանատու են:

«Այս դեպքում կոնկրետ մի իրավիճակում ենք հայտնվել, երբ որ իրականում մի քանի անգամ ավելի նվազ գումար կարելի էր ծախսել տվյալ գործողության համար, և ինչ-ինչ պատճառներով, ժամանակի գործոնը ճիշտ չգնահատելով, մենք մի իրավիճակի առջև հայտնվեցինք, երբ որ ինձ նոր տարվա «նվեր» արվեց։

Խնդրում եմ այս գործընթացի վերաբերյալ ամբողջական ինձ տվյալները տալ, որ կետում ով ինչ պետք է աներ և որ կետում ով ինչ չի արել։ Եվ կարծում եմ՝ այսքանով կսպառենք այս հարցը»,- ընդգծեց Ավինյանը: