Իսրայելական ռմբակոծումները Սիրիայի տարածքում խախտում են հումանիտար գործողությունների ընթացքը. ՄԱԿ

Սիրիայում ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգող Ադամ Աբդելմուլան բացառիկ հարցազրույց է տվել ՄԱԿ լրատվական գործակալությանը երկրում անվտանգության և հումանիտար ոլորտում արագ փոփոխվող իրավիճակի, ինչպես նաև իսրայելական ուժերի կողմից Սիրիայի տարածքի ռմբակոծումների մասին։

Նրա խոսքով՝ չնայած ՄԱԿ-ը և նրա ակտիվները, գուցե, չեն եղել իսրայելական օդային հարվածների ուղիղ թիրախը, «դրանք ոչ միտումնավոր հետևանքներ ունեն և թույլ չեն տալիս մեզ նորմալ հումանիտար գործողություններ իրականացնել պարզապես ոչ հարմար ժամանակ ոչ հարմար տեղում հայտնվելու վախի պատճառով»։

«Բացի այդ, դրանք ստեղծում են վախի մթնոլորտ բնակչության շրջանում»,- ասել է Աբդելմուլան։

«Այդ օդային հարձակումների մի մասի հետևանքով նախկինում զոհվել են անմեղ խաղաղ բնակիչներ, և նախկինում ես հանդես եմ եկել հայտարարություններով, որոնցում ընդգծել եմ, որ անհրաժեշտ է, որպեսզի (իսրայելցի զինվորականները) խուսափեն զոհերից քաղաքացիական բնակչության շրջանում, և նրանց հիշեցրել եմ միջազգային հումանիտար իրավունքի գծով իրենց պարտավորությունների մասին»,- ավելացրել է ՄԱԿ ներկայացուցիչը։