ՀԱՊԿ բոլոր անդամները խիստ մտահոգված էին Ուկրաինայի իրադարձություններով և վախեցած կրկնությունից. Բորդյուժա

ՀԱՊԿ բոլոր անդամները խիստ մտահոգված էին Ուկրաինայի 2013-2014թթ. իրադարձություններով, քննարկում էին, թե ինչպես կանխեն նման սցենարն իրենց երկրներում, ՏԱՍՍ-ի հարցազրույցում հայտնել է Նիկոլայ Բորդյուժան, որն զբաղեցրել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը 2003-2016թթ.։

«Դա քննարկվել է նախագահների հետ։ Բոլորը խիստ մտահոգված էին։ Մտահոգված էին, որովհետև բարեկամական երկիրը, ի դեպ, ԱՊՀ անդամ, հայտնվել էր մի իրավիճակում, երբ պարզապես աչքերի առջև իրականացվում էր պետական հեղաշրջում»,- նշել է Բորդյուժան։

ՀԱՊԿ նախկին քարտուղարի խոսքով՝ կազմակերպության բոլոր անդամները խիստ բացասաբար ընկալեցին այդ բոլոր իրադարձությունները։

«Եվ բացի այդ, բոլորը քննարկում էին այդ թվում նաև նման դեպքերի կանխումը մեր երկրներում»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը։

Խոսքը 2014թ. փետրվարի 22-ի դեպքերի մասին է Ուկրաինայում, որոնց հետևանքով իշխանազրկվեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը։